Բոլթոնի աննախադեպ առաջարկի տողատակը. ի՞նչ է ակնկալում ԱՄՆ-ն Փաշինյանից

timthumb (19)

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ջոն Բոլթոնը հոկտեմբերի 25-ին Երևանում հայտարարել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը առաջարկել է ձեռք բերել ամերիկյան ռազմատեխնիկա: Ընդ որում, Բոլթոնը առաջարկում է այն գնել որպես այլընտրանք ռուսական սպառազինությանը, ակնարկելով, որ իր երկրում արտադրված ռազմամթերքն ավելի որակյալ է: Ավելի որակյալ՝ նշանակում է ավելի թանկ: Արդյո՞ք Հայաստանն ունի նման հնարավորություն, քանի որ դժվար է պատկերացնել մի իրավիճակ, երբ մեր երկիրը ԱՄՆ-ից զենք-զինամթերքը ձեռք կբերի, ասենք, վարկով, ինչպես այսօր ձեռք է բերում ռուսական կողմից: Սակայն սա խնդրի միայն տնտեսական կողմն է:
Եթե Բոլթոնի նման առաջարկության նպատակը հայ-ռուսական կարգավորվող հարաբերություններում լարվածություն մտցնելն էր, ապա նման գործնական առաջարկ ԱՄՆ-ն կարող էր անել նաև Սերժ Սարգսյանին: Իրականում, բոլորի համար էլ հասկանալի է, որ թավշյա հեղափոխության իրականացման հարցում ԱՄՆ-ն օժանդակել է Փաշինյանին, այլ հարց է՝ ի՞նչ չափով է եղել այդ օժանդակությունը և ինչ ֆորմատով: Այս հարցի պատասխանը մենք կստանանք լավագույն դեպքում՝ տարիներ անց: Իսկ մինչ այդ՝ չենք կարող բացառել, որ ԱՄՆ նման ակտիվությունն ունի որոշակի օբյեկտիվ հիմքեր, այն է՝ նախնական պայմանավորվածությունները Փաշինյանի կամ նրա թիմի այս կամ այն անդամների հետ: Եվ այդ պայմանավորվածությունների շրջանակում ԱՄՆ-ն այսօր Հայաստանից որոշակի սպասելիքներ է ձևակերպում: Իհարկե, ԱՄՆ-ն չի կարող չգիտակցել, որ մի բան է համաձայնության գալը մինչ իշխանության ղեկի մոտ հայտնվելը, մեկ այլ բան՝ կատարել այդ համաձայնությունները, երբ «ականապատված» ես միանգամից մի քանի կողմից:
Իրականում, Հայաստանի կողմից արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունը որևէ կերպ չի բխում մեր երկրի շահերից, դա է պատճառը, որ Փաշինյանը ինչ-որ տեղ փորձում է խաղարկել Սերժ Սարգսյանի կոմպլիմենտար ասսիմետրիկ մոդելը, որը, հաշվի առնելով վերոնշյալ համաձայնությունները, բավական դժվար է տրվում: Հասկանալի է, որ ռուսական կողմի խանդն առաջացնելը բոլորովին Փաշինյանի ծրագրերի մեջ չի մտնում, հաշվի առնելով տնտեսական կապերը, որոնց թուլացումը կարող է սոցիալական լարվածության հանգեցնել Հայաստանի ներսում և անմիջականորեն հարվածել Փաշինյանին: Օրինակ՝ գազի գինը, որի շուրջ բանակցություններն այս պահին շարունակվում են: Այսպիսով, ԱՄՆ-ն դիվանագիտորեն պահանջում է մատուցած օգնության դիմաց իր հասանելիք գինը վճարելը, սակայն արդյո՞ք Փաշինյանը և նրա թիմն այսօր պատրաստ են դրան…
Ս.Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *