«Բռնել են, արդեն կասեն՝ ով ա եղել զակազչիկը». «Յուվեցի Կարոն»՝ Արման Մկրտումյանի տան վրա հարձակման դեպքի մասին

timthumb (5)

Այսօր մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի տան վրա հարձակման հետ առնչություն ունի ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Կարո Կարապետյանը, ով առավել հայտնի է «Յուվեցի Կարո» մականվամբ:

Բանն այն է, որ Մկրտումյանի տան վրա հարձակված անձանցից մեկը Կարապետյանի նախկին թիկնապահ 49-ամյա Գագիկ Դանոյանն է, ով հայտնաբերվել էր Վրաստանում և ձերբակալվել:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը մեկնաբանություն ստանալու համար զրուցեց ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում հերքեց տարածված լուրերը, սակայն հաստատեց, որ ճանաչում է Գագիկ Դանոյանին.

«Գագիկ Դանոյանն իմ թիկնապահը չի եղել: Ինձ մոտ մարդ ա եղել. մի ժամանակ իրար հետ ենք աշխատել: Բայց արդեն մի յոթ ամսից ավել կլինի՝ իր հետ չեմ խոսել, հեսա հեռախոսազանգերն էլ կնայեն, կտենան: Բռնել են իրան ու մյուսներին, արդեն կասեն՝ ով ա եղել զակազչիկը»,- ասաց Կարապետյանը:

Ըստ լուրերի՝ Կարո Կարապետյանի անունը շրջանառվում է հետևյալ կոնտեքստում՝ վերջինս մի ժամանակ բանկերից մեկի հետ դատական վեճ է ունեցել, և վերջում Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել հօգուտ բանկի: Մեզ հետ զրույցում Կարապետյանը հերքեց տեղեկությունը՝ ընդգծելով, որ ինքը խնդիր չի ունեցել բանկերի հետ.

«Բանկերի հետ կապված խնդիր չեմ ունեցել: Արման Մկրտումյանի հետ էլ լավ հարաբերությունների մեջ եմ եղել»,- նշեց նա:

Դիտարկմանը՝ այս պահին ի՞նչ հարաբերություններ ունի Վճռաբեկ դատարանի նախկին նախագահի հետ, Կարապետյանը պատասխանեց.

«Երկար ժամանակ է՝ չենք շփվել, մոտ մեկ ու կես տարի կլինի, բայց երբ շփվել ենք, նորմալ ա եղել ամեն ինչ, դատարանների հետ էլ կապ չեմ ունեցել, որ ինչ-որ լավ բան աներ կամ վատ բան»:

Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ին ավազակային հարձակում էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22-ի սահմաններում դիմակավորված և զինված երեք հոգի ներխուժել են Ձորաղբյուր գյուղի Բանակի փողոցում գտնվող առանձնատներից մեկը։ 30-ամյա տանտերը հոր հետ դիմադրություն է ցույց տվել․ գազային ատրճանակով կրակել է հարձակվողներից մեկի ուղղությամբ, որը զինված էր ինքնաձիգով։ Հայր և որդի նրան վնասազերծել են։ Ընթացքում հարձակվողներից երկուսը անկանոն կրակոցներ են արձակել ու դիմել փախուստի:

Սեպտեմբերի 1-ին ձերբակալվել էր նաև երկրորդ կասկածյալը, հայտնաբերվել էին զենքերը։

Նշենք, որ բացի Գագիկ Դանոյանից, այս գործով մեղադրանք է առաջադրվել ևս երկու անձի: Վերջիններս կալանավորված են:

Սոնա Հարությունյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *