Գագիկ Խաչատրյանն ու նրա ազգականը բերման կենթարկվեն․ բացահայտվել է միլիոնավոր դոլարների վատնում․ Վանեցյան

14385725

Գագիկ Խաչատրյանին դեռևս չեն ձերբակալել, վաղ առավոտից Ազգային անվտանգության քննչական դեպարտամենտը իրականացնում է քննչական գործողություններ, խուզարկություններ են կատարվում Գագիկ Խաչատրյանին պատկանող տանը, ինչպես նաև նրա հետ կապ ունեցող այլ անձանց տարածքներում և առանձնատներում։ Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով նախկին ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի տանը խուզարկություն անցկացնելուն:

Հարցին, թե հնարավոր է, որ Խաչատրյանին բերման են ենթարկել, Վանեցյանը պատասխանեց․ «Դեռևս շարունակվում է խուզարկությունը և խուզարկության ավարտից հետո պարոն Խաչատրյանը բերման կենթարկվի Ազգային Անվտանգության Ծառայություն»։

Դիտարկմանը, թե ինչ հիմքով, ինչ քրեական գործի հիման վրա են խուզարկությունն անցկացնում, ինչ են փնտրում Գագիկ Խաչատրյանի տանը, Վանեցյանը պատասխանեց․ «Քրեական գործը հարուցված է առանձնապես խոշոր չափերի վատնման և պաշտոնական դիրքի չարաշահման հատկանիշներով։ Չի բացառվում, որ մեղադրանքը, որը կներկայացվի կլրացվի նաև այլ հոդվածներով։ Դա քննչական դեպարտամենտի գործառույթն է, որը կիրականացնեն»։ 

Հարցին, թե խուզարկությունից հետո որևէ բան հայտնաբերվել է, Վանեցյանը պատասխանեց․ «Այս պահին որևէ բան չեմ կարող ասել. դա նախաքննական գաղտնիք է։ Երբ կգա ժամանակը, ամբողջովին կլուսաբանվի և կհրապարակվի»։

Այն հարցին, թե ինչու հեղափոխությունից այսքան ժամանակ անց  հիշեցին Գագիկ Խաչատրյանին և որոշեցին բերման ենթարկել, ԱԱԾ տնօրենը պատասխանեց․ «Ես ամբողջ իրավական համակարգի անունից չեմ խոսի, կխոսեմ ԱԱԾ-ի անունից, ԱԱԾ-ն պատվերով այս կամ այն  անձին, որևէ դեպքում չի ձերբակալում կամ գործողություններ չի իրականացնում։ Հավաքվել են ապացույցներ, որոնց համակցությունը մեզ թույլ է տվել իրականացնել այս գործողությունները։ Եթե մենք չունենայինք ապացույցներ, մենք որևէ կերպ իրավունք չունեինք  ցանկացած անձի՝ անկախ նրանից, նա նախկին պաշտոնատար անձ է, թե  գործող պաշտանատար անձ է։ Մենք իրավունք չունենք ապացույցների բացակայության դեպքում մարդուն բերման ենթարկել»։

Դիտարկմանը, թե խուզարկությունից առաջ Խաչատրյանը հրավիրվել է հարցաքննության, Վանեցյանը պատասխանեց, որ այո, նա մի քնաի անգամ հրավիրվել է քննչական դեպարտամենտ, հարցաքննվել է որպես վկա։

Հարցին, թե ինչ գումարների մասին է խոսքը և նրա մերձավոր շրջապատից, ովքեր են բերման ենթարկվելու, Վանեցյանը պատասխանեց՝ միլիոնավոր դոլարների մասին է խոսքը, մի հոգու անունը կարող եմ ասել Կարեն Խաչատրյան։

Տեսանյութը՝ Aysor.am-ի։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *