«Գազավիկների» ակնարկը Սերժ Սարգսյանին

timthumb (7)

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն վերջնաժամկետ էր տվել քաղաքացիներին, հայտարարություն տարածելով, որ գազի վարձի եւ ներտնային սպասարկման համար վճարման վերջին ժամկետը հունվարի 21-ն է, եւ այդ ժամկետին վճարում չանելուց հետո գազը կանջատվի առանց զգուշացման: Ընդ որում, ուշագրավ է, որ «Գազպրոմ Արմենիա»-ն նման կոշտ քայլի է գնում մի իրավիճակում, երբ Հայաստանի իշխանությունները, մասնավորապես՝ Սերժ Սարգսյանը ջանքեր է գործադրում գնաճի դեմ պայքարի իմիտացիա ստեղծելու և սոցիալական լարվածությունը մեղմելու ուղղությամբ: Մինչդեռ իր այս քայլով «Գազպրոմ Արմենիա»-ն որևէ կերպ չի նպաստում նախագահ Սարգսյանի ջանքերի իրագործմանը, հակառակը՝ սոցիալապես ծանր վիճակում գտնվող քաղաքացիներին էլ ավելի անելանելի վիճակի մեջ է դնում:
Ինչպես հիշում ենք, գազի գնի իջեցման անհրաժեշտությունը ազդարարեց Կարեն Կարապետյանը՝ վարչապետի պաշտոնում կառավարության առաջին նիստի ընթացքում։ Այդ նախաձեռնությունն անմիջապես կապվեց այն հանգամանքի հետ, որ Կարապետյանը «Գազպրոմի» կադր է, և ռուսական ընկերությունը հավանաբար այդպիսով փորձում է աջակցություն ցուցաբերել նրան, այսպես ասած՝ զարդարել նրա մուտքը հայաստանյան իշխանական դաշտ։ Մի քանի օր հետո Հայաստան ժամանեց «Գազպրոմ»-ի ղեկավար Միլլերը, Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի հետ հանդիպումներ եղան, և, ըստ ամենայնի, վերջնականապես համաձայնեցվեցին գազի գնի իջեցման պայմանները, և «Գազպրոմ»-ը, փաստորեն, գնի իջեցումը, այսպես ասած, վերցրեց իր վրա։ Մնաց մի անպատասխան հարց հասարակությանը՝ եթե «Գազպրոմ»-ը կամ «Գազպրոմ-Արմենիա» ձեռնարկությունը կարող էին այդպես իջեցնել գազի գինը սպառողների և արտադրողների համար, ինչո՞ւ դա չէին անում ավելի վաղ։ «Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարում է՝ հաշվարկել են, որ նվազեցնելով գազի գինը՝ իրենք կավելացնեն սպառումը։ Ենթադրենք: Բայց կրկին անպատասխան է հարցը, թե ինչո՞ւ դա չէին անում ավելի շուտ, ինչո՞ւ այդ մասին մտածեցին, երբ հենց Կարեն Կարապետյանը նշանակվեց վարչապետ։ Թեև չի բացառվում, որ Կարեն Կարապետյանից ավելի կապ ունի այստեղ այն, որ մոտենում են խորհրդարանական ընտրությունները, և իշխանությունը խիստ կարիք ունի նման քայլերով սոցիալական լարվածությունը մեղմելու։
Այժմ ստեղծվել է մի իրավիճակ, երբ «Գազպրոմ Արմենիա»-ն մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանի գնաճային խորհրդակցությունների շարքին, որտեղ առանցքում, այսպես ասած, հանրության սոցիալական խնդիրները թեթեւացնելու «մեսիջն» է: Ի՞նչ մեսիջ է ընկերությունը հղում Սարգսյանին: Կամ համակարգը պետք է վճարի ստեղծված տնտեսական իրադրության համար, կամ քաղաքացիները: «Գազպրոմ Արմենիա»-ն փորձում է հասկացնել, որ իբրև համակարգի մի մաս, չի պատրաստվում վճարել գնաճի համար: Գաղտնիք չէ, որ թանկացած ապրանքների շարքում է նաեւ սեղմած գազը, որը Գազպրոմ Արմենիան է մատակարարում գազալցակայաններին: Այսպիսով, ընկերությունը կանխում է իր համար անցանկալի զարգացումները, երբ, օրինակ, քննարկումները ներիշխանական բուրգում կարող են հանգեցնել նրան, որ սեղմված գազի ծախսը «Գազպրոմ Արմենիա»-ն վերցնի իր վրա: Եթե այս իրավիճակին նայում ենք ներիշխանական պայքարի պրիզմայի ներքո, ապա ակնհայտ է դառնում, որ «գազավիկների» ակնարկը Սերժ Սարգսյանին՝ չի կարելի համարել պատահականություն, հատկապես այն դեպքում, երբ Սարգսյանը վերջին շրջանում ստանձնել է Կարապետյանի կառավարության անարդյունավետության հետևանքով առաջացած բացթողումները շտկողի դերը:
Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *