Գեղարքունիքի մարզում արձանագրվել է սիբիրյան խոցի դեպք

timthumb (7)

Առողջապահության նախարարությունը տեղեկատվություն է ստացել, որ Մարտունու բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք են դիմել Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի Գեղհովիտ համայնքի 2 բնակիչ՝ ձեռքի մատների և դաստակի շրջանում խոցոտված վերքերով (սիբիրյան խոցի մաշկային ձև):

Ինչպես հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, հիվանդները նշել են, որ մի քանի օր առաջ մասնակցել են համագյուղացու կովի մսեղիքի կտրատման և մշակման աշխատանքներին:

Դեպքերի պատճառահետևանքային կապը գտնելու նպատակով Գեղհովիտ համայնք են մեկնել առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները:

Ձեռնարկված աշխատանքների և տեղի առողջապահական կազմակերպության բուժաշխատողների համատեղ շրջայցի արդյունքում ևս 6 հոգու մոտ հայտնաբերվել է սիբիրյան խոց հիվանդության մաշկային ձևին բնորոշ գանգատներ: Նրանցից 5-ն ուղեգրվել են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց` կլինիկական վիճակի գնահատման  նպատակով:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից տեղում 5 հիվանդից նմուշառում է կատարվել: Վերջիններիս մոտ, պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդաբանությամբ հայտնաբերվել է սիբիրյան խոցի հարուցչի ԴՆԹ:

Բոլոր հիվանդներին տրվել է համապատասխան բուժում, իսկ համայնքի բնակչության նկատմամբ՝ սահմանվել բժշկական հսկողություն: Դեպքերի մասին անմիջապես տեղեկացվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը:

Այս պահին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ աշխատանքները շարունակվում են, ինչպես նաև համայնքի բնակչության շրջանում սիբիրյան խոց հիվանդության կանխարգելման ուղղությամբ իրականացվում է առողջ ապրելակերպի քարոզչություն և բժշկահիգիենիկ գիտելիքների տարածում:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *