Գիրք ոչնչացնող ՀՀԿ-ական ռեկտորը (լուսանկարներ)

timthumb (3)

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն օրեր շարունակ ահազանգում է, որ Շիրակի պետական համալսարանի Ռեկտոր Սահակ Մինասյանի կարգադրությամբ ԲՈւՀ-ից որպես մակուլատուրա տեղափոխվել և փաստացի ոչնչացվել է ԲՈւՀ-ի գրադարանը: Պատճառաբանությունն այն է, որ գրքերը հին են:

 

Սա գուցե թե հանցագործություն չէ, որը կպատժվի ՀՀ քրեական օրենսգրքով, սակայն սրա մեջ կա մարդկային այնպիսի հանցանք, որը Քրեական օրենսգրքում չէր էլ կարող տեղ գտնել: Սա հանցագործություն էլ չէ, սա ավելի վատ երևույթ է:

 

Մարդը գիրք է ոչնչացնում, որովհետև այն հին է: Նախ, հին գրքերը ոչնչացման ենթակա չեն, եթե դրանք քրքրված չեն: Առահասարակ, գիրք ոչնչացնել չի կարելի, որովհետև դրա կարիքն ունեն ընթերցողները: Եթե ՀՀԿ-ական ռեկտորի սրտով չեն հին գրքերը, ապա դրանք հաստատ պետք կգային այլ հաստատությունների: Այդ գրքերը կարելի էր հանձնել ՀՀ ԶՈՒ որևէ զորամասի գրադարանի, այդ գրքերը կարելի էր հանձնել հեռավոր գյուղերից մեկի գրադարանին՝ լուսավորություն տարածելով, այդ գրքերն ի վերջո կարելի էր հանձնել բանտերին, գուցե դատապարտյալներին դրանք ավելի պետք գային, քան պարոն Մինասյանին:

 

Փոխվել են ժամանակները, փոխվել են բարքերը և փոխվել են մարդիկ: Դեռ մեկ դար առաջ, գաղթի ճանապարհին, կոտորածից մազապուրծ հայ ժողովուրդը թողնում էր ունեցվածքն ու ուտելիքը, բայց իր հետ տանում էր գրքերը, իսկ մեկ դար անց ՀՀԿ Շիրակի մարզի ղեկավարն ու Շիրակի պետհամալսարանի ռեկտորը դրանք ոչնչացնում են:

 

Մինչ ՇՊՀ ռեկտորը ոչնչացնում է ԲՈւՀ-ի գրադարանը, նույն ժամանակ կառավարությունը հայեցակարգ է մշակում ռուսաց լեզուն զարգացնելու ուղղությամբ:

 

Խնդիրն ավելի խորն է, քան ոչնչացվող գրքերն են: Բանն այն է, որ վերջին տարիներին կրթօջախները դարձրել են վերարտադրման օջախներ: Սույն ռեկտորն, իր պաշտոնին զուգահեռ՝ նաև ՀՀԿ մարզային կառույցի ղեկավարն է,  և նա այդ պաշտոնը զբաղեցնում է, որովհետև ընտրությունների ժամանակ կարողանում է ձայներ հավաքել իր կուսակցության համար: Եվ քանի որ նա կարողանում է ՀՀԿ-ին մատուցել ծառայություններ, նրան այս արարքի համար ոչ ոք ոչինչ ասել չի կարողանա:

 

Այս ամենից հետևում է, որ ԲՈՒՀ-ի ռեկտորը թքած ունի կրթության, գրադարանի, ի վերջո՝ գրքի վրա. նրան հետաքրքիր է, թե քանի ձայն կհավաքի այս կամ այն ընտրատեղամասից: Նման խնդիր չէր լինի, եթե կրթության ոլորտում աշխատողները ապակուսակցական պերսոնաժներ լինեին, կամ, առհասարակ, կրթությունից վռնդվեին կուսակցական «տասովչիկներն»՝ իրենց կուսակցական նշանների հետ միասին:

 

Այս մարդիկ, որոնք ողջ երկրով մեկ տարածվել են, կրթելու կարիք չունեն, նրանց այդ պաշտոնին նշանակողն էլ կարիք չունի կրթության որակի բարձրացման: Նրանց հետաքրքրում են միայն ու միայն կուսակցական խաղերն ու դրանցից բխող սեփական շահը:

 

Լուսանկարներում երևում է, թե որքան «հին» են գրքերը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *