Գլխավոր դատախազության արձագանքը՝ Արտյոմ Կանևսկոյի խափանման միջոցի վերաբերյալ հրապարակմանը

timthumb

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է «Արտյոմ Կանևսկոյ» մականվամբ հայտնի Արտյոմ Հարությունովին գրավով ազատ արձակելու՝ պաշտպանների ներկայացրած միջնորդությունը։ Թեմայի շուրջ ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցել էր Արտյոմ Հարությունովի փաստաբան Վարդուհի Էլբակյանի հետ։

ԼՈւՐԵՐ.com-ի «Ինչ-որ անձանց անհրաժեշտ է, որ Արտյոմ Կանևսկոյը գտնվի անազատության մեջ. փաստաբան» վերտառությամբ հրապարակմանն արձագանքել է Գլխավոր դատախազությունը:

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը նշում է, որ գործով դատախազը խափանման միջոց կալանքի փոփոխմանն ուղղված պաշտպանների միջնորդության դեմ առարկությունները մանրամասն հիմնավորել է նախորդ դատական նիստի ընթացքում. «Հրապարակման մեջ, որպես տեղեկատվության աղբյուր վկայակոչվող պաշտպանը չի մասնակցել դատական նիստին: Դատախազի կողմից որպես խափանման միջոց կալանքը փոխելու, այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումն անթույլատրելի համարելու հիմնավորում, բերվել է այն փաստարկը, որ մեղադրյալի հավանական ոչ իրավաչափ վարքագիծը կանխորոշելու հարցում էական նշանակություն ունեն քրեական գործում առկա տվյալները՝ դիտավորյալ հանցագործությունը այլ երկրի տարածքում հետախուզման մեջ գտնվելու պայմաններում կատարված լինելու վերաբերյալ, և այն հանգամանքը, որ Արտյոմ Հարությունովին մեղսագրվում է ՀՀ-ում դիտավորյալ հանցագործության կատարում, որն ուղղակիորեն առնչվում է իրավապահ մարմնի պատասխանատու պաշտոններ զբաղեցնող անձանց հետ»,- նշում է Աբրահամյանը՝ ավելացնելով, որ այս իրողությունները ողջամտորեն հիմք են տալիս եզրահանգելու, որ մնալով ազատության մեջ՝ մեղադրյալ Արտյոմ Հարությունովը կարող է մինչդատական վարույթի ընթացքում խոչընդոտել գործի քննությանը՝ դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու միջոցով:

Նրա խոսքով՝ Քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի բովանդակությունից, և դեռևս 2014թ. Վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված իրավական հստակ դիրքորոշումներից հետևում է, որ գրավը կարող է կիրառվել վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ՝ մեղադրյալի գտնվելն ապահովելու նպատակով.

«Այն չի կարող հանդիսանալ կալանավորման մյուս հիմքերի, այդ թվում նաև՝ դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու միջոցով քննությանը խոչընդոտելու վտանգի չեզոքացման երաշխիք»,- հավելում է Գլխավոր դատախազի խորհրդականը:

Սոնա Հարությունյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *