Գյուղապետը փախած է ման գալիս. Տարոնիկում բողոքի ակցիա է

timthumb

Արմավիրի մարզի Տարոնիկ համայնքի բնակիչները համայնքապետարանի դիմաց այս պահին բողոքի ցույց են կազմակերպել՝ պահանջելով 7 տարվա համայնքապետ Արմեն Խլղաթյանի հրաժարականը։

ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում բողոքի ակցիայի մասնակիցներից Սևակ Առաքելյանը նշեց, որ համայնքապետի հրաժարականի պատճառը՝ վերջինիս կողմից ապօրինություններն ու յուրացումներն են։

«Մենք ակցիան իրականցնում ենք, որպեսզի բարձրացնենք մեր ձայնը և մարդիկ տեղեկանան համայնքապետի անօրինական աշխատանքների մասին։ Նա աշխատողներ է գրանցել համայնքապետարանում, որոնց 7 տարի չենք տեսել, նոր ենք իմանում։ Քառօրյա պատերազմի մասնակիցներին տրվող օգնության գումարներն է անգամ յուրացրել։ Մանկապարտեզ չունենք, փակվել է իր ընտրվելուց հետո, բայց աշխատողներ են գրանցված։ Փակվելու համար էլ պատճառաբանում է շենքի վթարային լինելով,  բայց հիմա բուժամբուլատորիան այդտեղ է աշխատում։ 7 տարվա գյուղապետ է, սակայն իրենից որևէ լուրջ բան չենք տեսել»,- ասաց նա։

Ակցիայի մասնակիցները փորձել են խնդիրը կարգավորել մարզպետարանի միջոցով, սակայն Առաքելյանի խոսքով՝ նրանց մարզպետարանում նորմալ չեն ընդունել․ «Նրանք մեզ այս սենյակից այն սենյակ են ուղարկում։ Մենք գտնում ենք, որ մեր ձայնը լսելի դարձնելու համար այս ձևով պետք է բարձրացնենք: Սակայն, այս պահին մարզպետարանից ներկայացուցիչներ են եկել, իրենց հետ պատրաստվում ենք քննարկել»։

Գյուղապետի ընդդիմախոսները շուրջ 500 ստորագրություն ունեն, սակայն, անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով հավաքվել է 30-50 մարդ։

Ինչ վերաբերում է համայնքապետին` Սևակ Առաքելյանը նշում է, որ նա չի ընդունում իրեն ուղղված մեղադրանքները․  «Նա չի գալիս մեզ հետ հանդիպման, փախած է ման գալիս։ Արդեն երկու ամիս է թղթեր ենք պահանջել, բայց չի ներկայացրել, մեր հարցերին չի պատասխանում։ Մենք անձնական խնդիր չունենք նրա հետ։ Մեր գյուղն ենք ուզում, քանի որ այն դարձել է մարզի՝ վարկանիշով ամենավերջին գյուղը»։ 

Մենք փորձեցինք խոսել նաև համայնքապետ Արմեն Խլղաթյանի հետ, սակայն վերջինս մեր զանգերին չպատասխանեց։

Արմինե ԱՐՄԵՆԱԿՅԱՆ

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *