Գյուղատնտեսական մթերքի շուկայում կոլապս է…

timthumb (3)

Ամեն տարի այս շրջանում, երբ գյուղատնտեսական բերքի պակաս՝ Հայաստանը կարծես չի ունենում, մի գերխնդիր է առաջ գալիս. ստացված բերքի՝ հավուր պատշաճի իրացման պրոբլեմն արդեն տևական ժամանակ է, ինչ հայ գյուղացին չի կարողանում լուծել՝ չստանալով պետական որևիցե աջակցություն ու բախվելով անտարբերության պատին:

Այս իմաստով բավական զավեշտալի իրավիճակ է ստեղծվել, մասնավորապես, վարունգի շուկայում. մի կողմից՝ դիցուք, Արմավիրի մարզի համայքներից մեկի  բնակիչները ստացված բերքը ստիպված են լցնել աղբամանները՝ այն իրացնել չկարողանալու, գնորդ չունենալու պատճառով, մյուս կողմից՝ նույն վարունգի շուկայական գինն այսօր տարածվում է միջինը 200-400 դրամի սահմաններում: Ու ստացվում է, որ մի կողմից՝ գյուղացիության մի հատված ստիպված է աղբամանները նետել սեփական աշխատանքի պտուղները, մյուս կողմից՝ նույն քաղաքաբնակները ստիպված են չարդարացված բարձր գին վճարել:

Հետաքրքիր է՝ ի՞նչ է մտածում աշխարհում ամենալիբերալ գյուղնախը, ուր, ինչպես հայտնի է, երբ փորձում են գլուխ պրծացնել ինչ-որ անելանելի հարցից կամ պատասխանը գցել կտուրները, մատնացույց են անում ազատ շուկայական հարաբերությունների ոսկե օրենքը՝ շուկան ինքը կկարգավորի իր ներքին խնդիրները:

Հիմա ուզում ենք տեղեկացնել Իգնատի Առաքելյանին՝ «խիարի» շուկան չի կարողանում ինքնակարգավորվել, ու գյուղացիները կանգնել են փաստի առաջ: Ի՞նչ լուծումներ է առաջարկում ՀՀ գուղատնտեսության նախարարությունն այն գյուղացիներին ու սպառողներին, ովքեր, փաստացի, հայտնվել են ոչ շահավետ վիճակում. առաջինները հաճախորդ չունենալու պատճառով հրաժարվում են իրենց միակ եկամտից, երկրորդներն էլ, վերածվելով յուրատեսակ սպեկուլյացիայի զոհի, գերածախս են տալիս: Ի՞նչ է սա, եթե ոչ պետական համակարգված քաղաքականության բացակայություն, գյուղատնտեսական ստրատեգիայի չգոյություն: Տեսնես այս ամենի ֆոնին ինչո՞վ են Գյուղատնտեսության նախարարությունում զբաղված, կամ Իգնատի Առաքելյանն, առհասարակ, տեղյա՞կ  է ստեղծված իրավիճակից, թե՞ արձակուրդի մեջ է գտնվում: Ենթադրում ենք՝ պետական գաղտնիք է…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *