Գոնե ավելի «անշառ» օբյեկտ գտնեիք…

timthumb

Պետական գնումների ընթացակարգում գործող կոռուպցիոն զանազան սխեմաները այլևս ոչ մեկին չեն զարմացնում: Նմանատիպ բազմաթիվ դեպքերի ականատես ենք լինում գրեթե յուրաքանչյուր օր: Շատ են դեպքերը, երբ խոշոր դրամագլխով մրցույթում շահած ընկերություններն ամենատարբեր՝ խնամի, ծանոթ, բարեկամ կապերով կապված են լինում գնում հայտարարողի հետ, կամ հենց գնում հայտարարողի ՍՊԸ-ն է դառնում մրցույթում շահողը: Հայաստանի համար դա սովորական և բնականոն երևույթ է, սակայն վերջերս արձանագրված դեպքը կարծես թե դուրս է որևէ տրամաբանական բացատրությունից:

«Երեւանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի կողմից հայտարարված մրցույթում ՝ «շարժասանդուղքների բազրեփոկերի լռմանը հետեւող համակարգի արդիականացման» ծառայությունների մատուցման նպատակով հայտարարված մրցույթում հաղթել է «Ֆոլկ տուր» ՍՊԸ-ն:Ընկերության հետ սեպտեմբերի 6-ին 17 միլիոն դրամի պայմանագիր է կնքվել: Եվ ամեն ինչ նորմալ կլիներ, եթե վերոնշյալ ՍՊԸ-ն տուրիստական չլիներ և չպատկաներ արդեն 35 տարի Երևանի մետրոպոլիտենում աշխատող Սամվել Մնացականյանի դստերը՝ Լիլիթ Մնացականյանին. ընդամենը օրեր առաջ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ասուլիսի ընթացքում պարծենում էր՝ իր գերատեսչությունում կոռուպցիայի դեմ ծավալած պայքարի արդյունավետությամբ: Արդյունավետությունը, մեղմ ասած՝ կասկածելի է, Արամյանի պարծենալու առիթը՝ նույնպես: Այն, որ այստեղ առկա է հստակ երևացող կոռուպցիոն շղթան՝ անհերքելի փաստ է, բայց հետաքրքիր է՝ ի՞նչ է այս ամենի մասին մտածում նախարարը, արդյո՞ք նա հասկանում է, որ իր ղեկավարած գերատեսչության թերի աշխատանքի, կոռուպցիոն հսկայական ռիսկերի առկայության պատճառով վտանգվելու է յուրաքանչյուր օր մետրոպոլիտենից օգտվող մեր քաղաքացիների կյանքը: Միայն սարսափել կարելի է, մտածելով, թե ինչպիսի «անվտանգություն» է ապահովելու տուրիստական գործակալությունը: Եվ, ի վերջո, չմոռանանք, որ մետրոպոլիտենը ռազմավարական օբյեկտ է, այդ մասին փայլուն գիտի նաև նախարարը, ում գերատեսչությունը, մեղմ ասած, թերացել է և չափից դուրս մեծ տուրք տվել «խնամի-ծանոթ-բարեկամի» ինստիտուտին: Եթե այդքան դժվար է, եթե այդքան քաղաքական կամք չկա կոռուպցիան արմատախիլ անելու համար, գոնե ավելի «անշառ» օբյեկտ գտնեիք…

 

Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *