Գործարքը մղվեց առաջին պլան…

timthumb (4)

Վանաձորի ավագանու շուրջ ձևավորված թնջուկը կարծես թե հանգուցալուծվեց: Տեղի ունեցավ սպասելին: Ավելի ճիշտ՝ դա վաղուց էր տեղի ունեցել, սակայն հիմա հրապարակայնացվեց: Վանաձորում համագործակցության հուշագիր ստորագրեցին «Հայկական վերածնունդ» (նախկինում՝ ՕԵԿ) և ՀՀԿ կուսակցությունների ներկայացուցիչները՝ 2016-ին տեղի ունեցած Վանաձորի քաղաքապետի ընտրություններում 2-րդ և 1-ին տեղը զբաղեցրած կուսակցությունների ներկայացուցիչները:
Հայաստանում այլևս ոչ մի բան, առավելևս, քաղաքական կոչված դաշտում անսպասելի չի լինում: Երբ Սահմանադրական դատարանը Վանաձորի ավագանու գործունեության հետ կապված՝ օրերս որոշում կայացրեց, ոմանք մտածեցին, թե Գագիկ Հարությունյանի գլխավորած կառույցում ինչ-որ բան է փոխվել դրական ուղղությամբ: Բայց դա միամիտների կարծիքն էր: Իրականությունն այն էր, որ Վանաձորի և, ենթադրաբար, ոչ միայն Վանաձորի պահով՝ փակ կաբինետում գործարքը կայացել էր և ՍԴ-ին հնարավորություն էին տվել «ըմբոստ» որոշում կայացնել: Իշխանությունները գիտեին, որ Վանաձորի ավագանիում այլևս քվորումի խնդիր չի լինելու, և, ահա՛, Հարությունյանը «թունդ» որոշում է կայացնում: Ինչ վերաբերում է «Հայկական վերածնունդ» կուսակցությանը, ապա ամեն ինչ պարզ է՝ ի՞նչ իմաստ ունի դիրք պահել, երբ առաջիկայում ընտրություններ չեն սպասվում և հետևաբար՝ գործարքը մղվում է առաջին պլան:
Ի դեպ, ՀՎԿ-ն ավելի վաղ հերքում էր, թե սեպարատ բանակցությունների մեջ կարող է մտնել Վանաձորի քաղաքապետի հետ՝ նշելով՝ իբր հավատարիմ են «Լուսավոր Հայաստան»-ի եւ ԲՀԿ-ի հետ կնքած հուշագրին: Տեղի ունեցածը միայն արտաքուստ է քաղաքական համաձայնություն, իսկ իրականում մանդատագողության լեգիտիմացում է, որովհետև` մի կողմից՝ ՀՀԿ-ն ստիպված բացահայտեց ընդդիմության չորս դասալիքներին, մյուս կողմից` իր իշխանությունը պահպանեց ոչ թե լեգալ գործիքների օգնությամբ, այլ` ՀՎԿ-Ի ծառայության արդյունքում: Հասկանալի են դառնում նախագահ Սարգսյանի՝ Եվրոպական համալսարան կատարած այցի նպատակները և Արթուր Բաղդասարյանի անթաքույց լայն ժպիտը: Այս համաձայնության արդյունքում ՀՀԿ-ն կպահպանի քաղաքապետի պաշտոնը, փոխքաղաքապետինը զիջելով Արկադի Փելեշյանին, ով Վանաձորում հայտնի է իր կրիմինալ բարքերով: Այսինքն՝ շահած են դուրս գալու բոլորը՝ բացի շարքային վանաձորցիներից:
Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *