Գևորգ Կոստանյանն անհրաժեշտություն է համարում ընտանիքում բռնության դեմ պայքարի մասին օրենքի ճիշտ կիրառումը

timthumb (5)

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը մտահոգություններ ունի՝ կապված «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի կիրառելիության հետ: Ազգային ժողովի պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում օրենքի նախագծի քննարկման ընթացքում Կոստանյանն ընդգծեց, որ նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում հակասահմանադրական ճանաչված օրենքների մեծ մասը այդպիսին են ճանաչվել ոչ թե նրա համար, որ օրենքը վատն է եղել, այլ նրա համար, որ այն սխալ է կիրառվել: «Հետևաբար, իմ մտավախությունը վերաբերում է ոչ թե օրենքին, որովհետև օրենքը, որքան էլ զգացմունքային հարթության մեջ տարատեսակ մեկնաբանությունների տեղիք տա, լավ օրենք է, որը կոչված է ընտանիքում բռնության կանխարգելմանը: Սակայն ես կարծում եմ, որ մեր կառավարությունը պետք է լուրջ վերաբերվի այս օրենքի գործնական կիրառման խնդիրներին: Մենք մեր համաձայնությունը տալիս ենք այս գաղափարին, որպեսզի այն ընդգրկվի մեր իրավական համակարգի մեջ, սակայն շատ հետևողական ենք լինելու և պահանջատեր ենք լինելու այս օրենքի գործնական կիրառման խնդիրներին»,- նշեց Կոստանյանը:

Պատգամավորն ընդգծեց, որ օրենքում կիրառվող շատ հասկացություններ վերցված են Քրեական օրենսգրքից, որոնք ունեն կոնկրետ նշանակություն քրեաիրավական պրակտիկայում: «Մենք պետք է վստահ լինենք, որ ընտանիքում բռնության կանխարգելման կամ նախականխման և բացահայտման փուլերում կկարողանանք այդ հասկացությունների ճշգրիտ կիրառումն ապահովել: Որովհետև մենք հասկանում ենք, որ եթե քրեական արդարադատության ոլորտում կարող ենք ունենալ տարամեկնաբանություններ, տարբեր դիրքորոշումներ, այս օրենքի սխալ կիրառման արդյունքում մենք կարող ենք լրջագույն խնդիր ունենալ, որովհետև մեր հասարակության համար ընտանիքը բացարձակ արժեք է: Ցանկացած ոտնձգություն այդ արժեքի նկատմամբ շատ ցավոտ է լինելու մեզանից յուրաքանչյուրի համար»,— ասաց Կոստանյանը:

Դիմելով հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանին՝ Գևորգ Կոստանյանը կարծիք հայտնեց, որ կառավարությունը պետք է լուրջ մեխանիզմներ մշակի և ներկայացնի, թե ինչպես է պատրաստվում իմպլեմենտացնել օրենքը, որպեսզի դրա կիրառումը կանխատեսելի լինի հասարակության համար: «Մեր հասարակությունն այսօր մտավախություններ ունի, որովհետև կանխատեսելիության զգացում չունի: Իրականում սա շատ լավ օրենք է, արդյունավետ օրենք է, բայց դրա դրական արդյունքները մենք կտեսնենք միայն գործնական ճիշտ կիրառման դեպքում»,- ընդգծեց պատգամավորը՝ հավելելով, որ օրենքի կիրառման նկատմամբ հետևողականությունը խորհրդարանական վերահսկողության համատեքստում լինելու է շատ խիստ:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագիծը: Կողմ է քվեարկել 73, դեմ ՝ 12, ձեռնպահ՝ 6 պատգամավոր: Երկրորդ ընթերցմամբ այն կքննարկվի Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում, որը կհրավիրվի դեկտեմբերի 12-ին:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *