Դասադուլի ընթացքում ոտնահարվեց ուսանողների իրավունքը (լուսանկարներ)

timthumb (1)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր առավոտից ԵՊՀ-ում մեծ թվով ուսանողներ դասադուլ են իրականացնում՝ բողոքելով տարկետման իրավունքի վերացման դեմ:

Ուսանողների կարծիքով, մարդն, ով գիտությամբ է զբաղվում, արդեն իսկ ծառայում է երկրին, իսկ գիտնականներ՝ երկրին պետք են: Բողոքի ակցիայի ժամանակ նախաձեռնող խմբի անդամները ներկայացրին օրենքի ընդունման հետ կապված՝ իշխանությունների կողմից բերվող փաստարկները և հակադարձեցին դրանց:

«Դասադո՜ւլ: Տարկետում լինելու ա՛» կոչով բողոքող ուսանողները քայլեցին բուհական տարածքով և իրենց միանալու կոչ արեցին ինչպես ուսանողներին, այնպես էլ դասախոսներին: Նրանք նաև պահանջեցին տարկետմանը դեմ դասախոսներից՝ բացատրություն տալ, թե ինչ հիմքով են կողմ այդ փոփոխությանը:

ԵՊՀ բոլոր ֆակուլտետներում շրջելու ընթացքում ակցիայի մասնակիցները կանգնեցին փակ դռների առաջ. անվտանգության աշխատակիցները փակել էին դռները՝ չթողնելով, որ ներսում գտնվող ուսանողները դուրս գան և միանան մյուսներին: Այս փաստը վրդովվեցրեց դասադուլավորներին. «Իրավունք չունե՛ն ուսանողներին չթողնելու, որ դուրս գան և միանան մեզ, ոտնահարվում է ուսանողների իրավուքները»,- նշում էին նրանք:

Այնուհետև ԵՊՀ ուսանողները շարժվեցին դեպի Հայաստանի ազգային ագրարային համալսարան, որտեղ նրանց դիմավորեցին համալսարանի պրոռեկտոր Պարույր Էֆենդյանը և դասախոսներից մի քանիսը: Դասախոսներից մեկը նշեց, որ հայ տղամարդը պետք է ծառայի, հատկապես պատերազմական վիճակում. «Երեք տարի  ծառայել եմ, երբ վերադարձա, իմ ընկերներն արդեն 4-րդ կուրսում էին սովորում: Ի՞նչ կա դրանում»:

Ուսանողներն էլ հակադարձեցին՝ նշելով, թե իրենց պահանջն այլ է, և իրենք չեն ասում՝ չպետք է ծառայել, քանի որ ակցիայի մասնակիցներից շատերն արդեն իսկ ծառայել են:

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պրոռեկտոր Պարույր Էֆենդյանը ևս նշեց, որ ինքը որևէ խնդիր չի տեսնում, և ներկա դրությամբ՝ իրենց բուհից 1750 երիտասարդ ծառայում է բանակում, և գալու են շարունակեն կրթությունը:

Ուսանողները շարժվեցին նաև դեպի Հայաստանի Պոլիտեխնիկական համալսարան՝ լսելու նաև այլ կարծիքներ, որից հետո կրկին գնացին ԵՊՀ կենտրոնական մասնաշենք:

Հիշեցնենք՝ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներից՝ Դավիթ Պետրոսյանը ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում նշել էր, որ դասադուլը շարունակական բնույթ է կրելու՝ մինչև Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպի իրենց հետ:

Սոնա Հարությունյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *