Դասարանի լուսավոր աշակերտն էր. ապրիլյան պատերազմի հերոս Արթուր Գեւորգյանը կդառնար 20 տարեկան

timthumb (1)

Հունիսի 24-ն ապրիլյան պատերազմի հերոս, Ջրականում (Ջաբրայիլ) նահատակված հերոս Արթուր Գեւորգյանի ծննդյան օրն է։ Ժպտերես աշակերտի ամենասիրելի զբաղմունքը նկարչությունն էր։ Նկարում էր ամեն ինչ, ու ինչպես նրա դասղեկը՝ Նունե Քարանջյանն է ասում, հրաշալի նկարներ էր ստանում։ «Դասարանի լուսավոր ու դրական աշակերտն էր՝ միշտ ժպիտով, պատրաստակամ բոլորի թիկունքին կանգնելու»,-պատմում է տիկին Քարանջյանը։

Դասարանական անկյունը միշտ զարդարել են Արթուրի նկարները, պաստառները, ձեռքի աշխատանքները, որոնք հերոսը մեծ խանդավառությամբ էր պատրաստում։ Դասղեկն ասում է՝ մինչեւ հիմա էլ դրանք կարծես աչքի առաջ լինեն. «Մեր դասարանում եւս մի աշակերտ կար, ով շատ լավ էր նկարում, բայց վերջում միշտ Արթուրի նկարներն էինք ընտրում։ Մի ուրիշ տեսակի մարդ էր, խելոք ու ընկերասեր տղա էր՝ բոլորի հետ մտերիմ։ Անգամ երբ միջանցքով անցնում էի, կտեսներ ծանր գրքերը ձեռքիս, պայուսակը, վազելով կգար ու կառաջարկեր օգնել։ Ես իմ բոլոր աշակերտների հանդեպ էլ անհատական մոտեցում ունեմ, բայց կարող եմ ասել, որ մարդկային տեսակով Արթուրը տարբերվում էր, ու գիտեք՝ մենակ ինձ չէր օգնում, բոլորին»։

Տիկին Քարանջյանը կցանկանար, որ շատերը լինեին հենց Արթուրի նման, որովհետեւ հավատացած է՝ նման մարդկանցով դեռ շատ դրական փոփոխություններ կլինեին. «Շատ բարձր մարդկային արժեքներ ուներ. Արթուրը կար ամեն տեղ, ամեն ինչում, ու հաստատ տարբերվում էր մյուսներից մարդկանց հանդեպ իր մոտեցումներով։ Նրան այդպես լուսավոր էր կհիշեմ»։

Տարրական դասարանների դասղեկը՝ Գայանե Հարությունյանը եւս միայն դրական հատկություններով է հիշում Արթուրին, ասում է՝ էլ ինչպես կարելի է բնութագրել մեկին, ով Ռուսաստանից վերադարձավ Հայաստան հատուկ իր հայրենիքում ծառայելու համար։

«Հայրենասիրությունը դեռ փորքուց էր ձեւավորվել նրա մեջ, որովհետեւ հայրն էլ Արցախյան ազատամարտի մասնակից է եղել, քեռին նույնպես, բայց զոհվել է։ Հենց քեռու անունն էր կրում։ Շատ էի սիրում նրա նկարները, նույնիսկ հատուկ դասերի էլ չէր հաճախել, բայց շատ գեղեցիկ էր նկարում»։

Տիկին Հարությունյանը ասում է՝ միգուցե ուրիշը նման բան չաներ, Ռուսաստանից չվերադառնար, բայց Արթուրը ոչ ոքի չլսեց, քանի որ որոշել էր՝ հաստատ ուզում է Հայաստանում ծառայել. «Խոսեցի նրա հետ, ասացի՝ Արթուր ջան, ոչ ոք քեզ չի փնտրել, չի կանչել, ինչու ես վերադառնում, ասաց՝ ընկեր Հարությունյան, պետք է անպայման այստեղ ծառայեմ։ Արթուրը Ռուսաստանում հոր հետ էր բնակվում, իսկ քույրն ու մայրն այստեղ էին։ Վերջին անգամ հանդիպեցի նրան արձակուրդի ժամանակ, եկել էր ինձ տեսնելու, շատ գոհ էր ծառայությունից։ Ես միշտ էլ իմացել եմ, որ մեր զինվորները շատ հայրենասեր են, նույնիսկ հիմա էլ, որ բանակից վերադարձած աշակերտներիս հետ զրուցում եմ, նրանք հավաստիացնում են, որ մեծ գործերի են պատրաստ»։

Արթուր Գեւորգյանը ծնվել է 1997 թվականի հունիսի 24-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։ Նա մեկն էր այն հայ զինվորներից, ովքեր պատերազմի առաջին օրերին անհետ կորած էին համարվում եւ ում մարմինները հակառակորդը հայկական կողմին հանձնեց օրեր անց:

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *