Դատարանը մերժեց «Սասնա Ծռերի» խափանման միջոցը փոխելու միջնորդությունը

timthumb (12)

Դատարանը որոշեց չբավարարել «Սասնա Ծռեր» խմբի գործով՝ խափանման միջոցը՝ կալանավորումը փոխելու միջնորդությունը: Այս մասին քիչ առաջ հայտարարեց դատավոր Մեսրոպ Մակյանը:

Դատավորի խոսքն ուղեկցվեց սուլոցներով, այն պահից, երբ պարզ դարձավ, որ միջնորդությունը մերժվելու է, «Սասնա Ծռերի» կողմնակիցները ցուցադրաբար լքեցին նիստերի դահլիճը:

Դատարանն այդ արարքի համար պաշտպանների նկատմամբ սանկցիա կիրառեց, որի վերաբերյալ գրությունը կուղարկվի փաստաբանների պալատ: Դրանից բացի, 10 ժամով դատական նիստին մասնակցելու իրավունքից զրկվեցին գործով անցնող մեղադրյալները:

Հիշեցնենք, որ անջատված գործի այս մասով անցնում են Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը, Սմբատ Բարսեղյանը, Գագիկ Եղիազարյանը, Մխիթար Ավետիսյանը, Արմեն Բիլյանը, Արեգ Կյուրեղյանը, Սեդրակ Նազարյանը եւ Էդվարդ Գրիգորյանը:

Նշենք, որ այսօր Շենգավիթի դատարանում ընթանում էր  «Սասնա Ծռերի» հերթական դատավարությունը։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Մեսրոպ Մակյանի, հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ «Սասնա Ծռեր» խմբի գործով ամբաստանյալների խափանման միջոցը փոխելու կամ այն վերացնելու` նրանց պաշտպանների միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու: 

Հիշեցնենք, որ այսօր, ի նշան բողոքի՝ «Սասնա Ծռեր»-ի աջակիցները փակել էին Արշակունյանց պողոտան՝ պահանջելով փոխել խափանման միջոցը և ազատ արձակել դատապարտյալներին: Նրանց խոսքով՝ կալանքի տակ պահելը զուրկ է իրավական հիմքերից, իսկ որոշումը քաղաքական է։

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *