Դա լոգիկայում չի տեղավորվում․ Արկադի Կարապետյանը՝ Սասուն Միքայելյանի հայտարարության մասին

timthumb (1)

Այսօր, Թալինում, խորհրդարանական քարոզարշավի ժամանակ, ՔՊ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի արտահայտած միտքը, թե հեղափոխության հաղթանակն ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտի հաղթանակը, միանգամից դժգոհությունների ալիք բարձրացրեց։

ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը (Ակո) նկատեց, որ տրամաբանությունից դուրս է այդ արտահայտությունը, քանի որ չէր լինի հեղափոխությունը, եթե չլիներ արցախյան շարժումը։

«Երբ երիտասարդ էի, մտածում էի՝ հայրս ինչո՞ւ է գնացել պատերազմ՝ 1941-45 թվականներին։ Երբ հասունացա և թացը չորից սկսեցի տարբերել, հասկացա, որ դա մեր պատմությունն է՝ մինչև դա չլիներ, սա չէր լինի։ Չկռվեինք 1941-ին՝ հնարավոր է՝ հիմա մենք չունենայինք ազգային ազատագրական շարժում: Հետո եղավ հեղափոխություն, եղավ իշխանափոխություն, որը ողջունելի է, սակայն ռեժիմի փոփոխությունը դեռ չի նշանակում հեղափոխություն․ հեղափոխության ժամանակ խորքային բաներ են փոխվում»,- ասաց Արկադի Կարապետյանը։

Հրամանատարը նշեց, որ չի կարծում, թե Սասուն Միքայելյանը միտումնավոր է այդ արտահայտությունն արել․ «Ինձ շատ հետաքրքիր է՝ ինչ նկատի ուներ Սասունը։ Իմ կարծիքով՝ լեզվի թռիչք է եղել, իսկ եթե նա լուրջ է ասում և եթե լեզվի թռիչք չէ՝ ես դա չեմ ընդունում, դա լոգիկայում չի տեղավորվում։ Մի տեսակ՝ ինձ համար անհսականալի է։ Ամեն դեպքում՝ Սասունն իմ մարտական ընկերն է և ես գիտեմ, որ նա անիմաստ չի համարում տղաների թափած արյունը»,- ասաց Կարապետյանը և հավելեց, որ պետք է սպասել՝ մինչև Սասուն Միքայելյանը կմեկնաբանի իր խոսքը․ «Կարծում եմ՝ կասի, որ ճիշտ չենք հասկացել»:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *