Դե հիմա գնացե՛ք ու տակից դո՛ւրս էկեք…

Վաչ

Երբ տարիներ առաջ Հայաստանի առջև ծառացել էր այն կարևորագույն հարցը, թե աշխարհաքաղաքական որ բլոկի ուղղությամբ է պետք շարժվել, որպեսզի մեր երկրի զարգացումը դառնա անկասելի, իշխանություններն իրենց համոզմունքն էին հայտնում առ այն, որ Եվրասիական տնտեսական միությունը դառնալու է ճիշտ այն փրկողակը, որին կառչելով՝ մեզ իբր հնարավորություն էր տրվելու՝ մի քանի տարում էապես բարելավվելու մեր տնտեսական վիճակն ու Հայաստանի զարգացումը դարձնելու անշրջելի:

Ի դեպ, ճիշտ այն ժամանակ, երբ հարց էր բարձրացել մեր երկրի՝ ԵՏՄ-ին անդամակցելու-չանդամակցելու վերաբերյալ, Արևմուտքը ևս շտապել էր հանդես գալ բավական գրավիչ առաջարկով, որով Հայաստանին առաջարկվում էր ստորագրել Ասոցացման համաձայնագիրն ու օգտվել այնպիսի առավելություններից ու հնարավորություններից, որոնց մասին նախկինում երազելն իսկ անիրական մի բան կլիներ:

Թե Հայաստանի ղեկավարությունը ինչ ընտրություն կատարեց, ու թե մենք ներկայումս որ աշխարհաքաղաքական բլոկի մի մասնիկն ենք, հայտնի է բոլորին. ամենևին էլ ոչ բոլորն են, որ բավարարված են իրենց զգում այն արդյունքներով, որոնք Հայաստանը գրանցել է ԵՏՄ կազմում, ինչը, բնականաբար, միանգամայն համապատասխանում է այն իրականության օբյեկտիվ ընկալմանը, որում մենք ապրում ենք:

Բանից պարզվում է, սակայն, որ մեզանում, մեզ հետ կողք կողքի ապրում է մեկը, ում համար բոլոր այն տնտեսական ցուցանիշները, որոնք Հայաստանը գրանցել է ԵՏՄ անդամ լինելուց ի վեր, միանգամայն բավարար են ու անգամ գոհացուցիչ. ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն է, ով օրերս տված հարցազրույցներից մեկում համոզմունք էր հայտնել, որ եթե Հայաստանը չանդամակցեր Եվրասիական տնտեսական միությանը, ապա մեր տնտեսության վիճակը շատ ավելի աղետալի կլիներ:

Նա իր «բովանդակ» խոսքում, մասնավորապես, ընդգծել էր. «Այն ազդեցությունը, որն ունի տնտեսական գործոնը, մասնավորապես՝ էներգակրի գների նվազումը, դրա հետ կապված ԵՏՄ-ում բնակչության եկամուտների նվազումը և մնացած գործոնները՝ փոխանցումների նվազումները, անկախ նրանից՝ լինեինք ԵՏՄ-ում, թե ոչ, ազդելու էր Հայաստանի տնտեսության վրա: Այն փաստի շնորհիվ, որ մենք մտել ենք Եվրասիական տնտեսական միություն, այդ ազդեցությունը թուլացել է»:

Իսկ հիմա հարց Վաչե Գաբրիելյանին՝ մեր կառավարությունը, որի ղեկավարի տեղակալն է ինքը, ունի՞, արդյոք, սեփական քթից անդին տեսնելու գոնե մինիմալ ունակություններ, թե՞ այնքան կարճատես է, որ բացի նույն այդ քթի վրա գոյացած կորյակներից՝ այլ բան նշմարելու ունակ չէ պարզապես…

Երբ ոգևորված որոշում էին կայացնում ԵՏՄ-ին անդամակցելու վերաբերյալ, իսկ բնակչությանն էլ զուր տեղը հույս տալիս, թե աշխարհի վրա բարեկեցության կղզյակ է դառնալու ԵՏՄ-ն, չէի՞ն մտածում հնարավոր ձախողումների, այլևայլ նեգատիվ գործոնների ազդեցության մասին:

Չնայած, եթե հիշողություններս չի դավաճանում, առաջին փաստարկը, որ բերվում էր, անվտանգության հարցն էր, ինչը, ինչպես ապրիլյան Քառօրյա պատերազմը ցույց տվեց, այնքան էլ հիմնավոր դուրս չեկավ, իսկ ԵՏՄ անդամ որոշ երկրների պահվածքը այս առումով միայն արգահատանք առաջացրեց, ու քիչ էր մնում «ԵՏՄ» կոչվածը հօդս ցնդեր մի անդամ երկրի շահերը մյուս անդամ երկրների կողմից ոտնահարման իրողության հետ կապված… Սրան ունի՞, արդյոք, պատասխան փոխվարչապետ Գաբրիելյանը. դժվար թե…

Չնայած այս ամենին՝ կցանկանայինք մեկ հանգամանք ևս, այնուամենայնիվ, ուշադրության տակ առնել: Խոշոր հաշվով, մեր ձախողումների ու տապալումների պատճառը ոչ թե բուն ԵՏՄ-ն է, այլ մեր տկարությունը՝ հնարավորինս ճկուն կերպով ինքնադրսևորվելու դրա շրջանակներից ներս:

նույն Ադրբեջանը, որը, ինչպես հայտնի է, ԵՏՄ անդամ չէ, շատ ավելի արդյունավետ է կարողանում համագործակցել ԵՏՄ անդամ երկրների հետ, քան մենք, որ իբր այդ միության անդամ ենք: Իսկ գիտե՞ք ինչու, որովհետև մեր թշնամիները մեզանից շատ ավելի նախաձեռնողական քաղաքականություն են վարում, շատ ավելի կրեատիվ են, քան մենք, որ բացի խոպանչիությունից՝ ուրիշ այլ բանով զբաղվել այլևս չենք կարողանում: 

Ի դեպ, այս վերջին հանգամանքը պետք է որպես ահազանգ հնչի նույն Վաչե Գաբրիելյանի համար.այդպես էլ մինչև վերջ չենք կարողանում հասկանալ՝ ո՞րն է նրա բանուգործի անունը իշխանական վերին էշելոններում…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *