«Դրախտի թղթեր»․ հազարավոր նոր փաստաթղթեր՝ աշխարհի էլիտայի հարստությունների մասին

timthumb (12)

Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը (International Consortium of Investigative Journalists) Պանամական փաստաթղթերի հրապարակումից հետո նոր աղմկահարույց բացահայտումն է արել՝ հրապարակելով 13.5 միլիոն փաստաթուղթ, որոնք վկայում են աշխարհի մեծամեծերի՝ օֆշորային գոտիներում թաքցվող հարստությունների մասին։ «Դրախտի թղթեր» (Paradise Papers) անունը ստացած գործում պետությունների բազմաթիվ ղեկավարների ու նրանց հետ փոխկապակցված անձանց անուններ են շոշափվում։ Փաստաղթերում է նաև Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը։

Այս շաբաթ Մեծ Բրիտանիայի օֆշորային կայսրությունների խոշոր նոր հետազոտության արդյունքում բացահայտվել են աշխարհի խոշորագույն ձեռնարկություններ, պետությունների ղեկավարներ և քաղաքականության,  զվարճանքի և սպորտի համաշխարհային հայտնի դեմքեր, ովքեր իրենց ունեցվածքը թաքցնում են գաղտնի հարկազատված գոտիներում։

Մանրամասներն ի հայտ են եկել 13.4 միլիոն ֆայլերի արտահոսքից, որոնք բացահայտում են գլոբալ միջավայրերը, ուր կարող են բարգավաճել հարկային չարաշահումները,  և այն բարդ ու թվացյալ արհեստական եղանակները, որոնցով ամենահարուստ կորպորացիաները կարող են օրինականորեն պաշտպանել իրենց հարստությունը:

Նյութը, որն ստացվել է երկու օֆշորային ծառայություններ մատուցողներից և 19 հարկազատված գոտիների՝ ընկերությունների տվյալների գրանցումներից, ձեռք է բերել գերմանական Süddeutsche Zeitung թերթը և այն կիսել Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի և Guardian-ի, BBC-ի և New York Times-ի հետ։

Նախագիծը, որը ստացել է  «Դրախտի թղթեր» անվանումը,  բացահայտում է հետևյալը.

— Թագուհու անձնական գույքից միլիոնավոր ֆունտ ստերլինգ է ներդրվել  Կայմանյան կղզիների հիմնադրամում, և այդ գումարի մի մասը գնացել է աղքատ ընտանիքների և խոցելի մարդկանց շահագործման մեջ մեղադրվող մանրածախ ընկերության:

— Դոնալդ Թրամփի կառավարության անդամների, խորհրդատուների և դոնորների լայնածավալ օֆշորային գործարքները, ներառյալ խոշոր վճարումներ՝ Վլադիմիր Պուտինի փեսային համապատկանող ընկերությունից ԱՄՆ առևտրի նախարար Ուիլբուր Ռոսսին պատկանող առաքումների ընկերություն։

— Թե ինչպես են Twitter-ը և Facebook-ը ստացել հարյուր միլիոնավոր դոլարներ ներդրումների տեսքով, որոնց սկզբնաղբյուրը տանում է Ռուսաստանի պետական ֆինանսական հաստատություններ:

— Կանադայի վարչապետ Ջաստին Թրուդյոյի գլխավոր գանձապահի կողմից կառավարվող, Կայմանյան կղզիներում գտնվող հարկերից խուսափող  հիմնադրամը։

— Նախկինում անհայտ 450 միլիոն դոլար օֆշորային հիմնադրամ, որը պահպանում է Լորդ Էշքրոֆթի հարստությունը։

— Միջազգային կորպորացիաների, այդ թվում՝ Nike-ի և Apple-ի կողմից հարկերից ագրեսիվ խուսափումը։

— Լոնդոնում գործող միջազգային Glencore ընկերության գաղտնի վարկը և դաշինքը՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում շահութաբեր հանքերի շահագործման իրավունքի ապահովման ուղղությամբ:

— Երկու ռուս միլիարդատերերի կողմից օֆշորային բարդ ցանցերի օգտագործումը՝  «Արսենալ» և «Էվերտոն» ֆուտբոլային ակումբների բաժնեմասերը ձեռք բերելու համար:

Այս բացահայտումները ճնշում են գործադրելու համաշխարհային առաջնորդների վրա, այդ թվում՝ Թրամփի և մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի, որոնք խոստացել են վերացնել հարկերից խուսափելու սխեմաները:

Հետազոտության հրապարակումը, որի համար ավելի քան 380 լրագրող մեկ տարի շարունակ մանրակրկիտ ուսումնասիրել է շուրջ 70 տարի հետ գնացող տվյալներ, տեղի է ունենում համաշխարհային հարստության ահագնացող անհավասարության պայմաններում:

Միևնույն ժամանակ, անդրազգային ընկերություններն իրենց շահույթի մեծ մասն ուղղում են օֆշոր. միայն անցյալ տարի այդ գումարը կազմել է 600 մլրդ եվրո։ Այս մասին առաջատար տնտեսագետ Գաբրիել Ցուկմանը կներկայացնի այս շաբաթվա վերջում հրապարակվելիք ուսումնասիրությունում։

«Օֆշորային գոտիները գլոբալ անհավասարության աճին նպաստող հիմնական շարժիչ ուժերից մեկն են,- ասել է նա:- Անհավասարության աճին զուգահեռ օֆշորի միջոցով հարկերից խուսափելը դառնում է էլիտար սպորտ»:

Տվյալների արտահոսքի կենտրոնում է Appleby իրավաբանական ընկերությունը, որը Բերմուդյան, Կայմանյան, Բրիտանական Վիրջինյան, Մեն, Ջերսի և Գերնսի կղզիներում ևս ճյուղեր ունի: Ի տարբերություն «Մոսակ Ֆոնսեկայի»՝ անցյալ տարվա Panama Papers-ի հետաքննության կենտրոնում գտնվող վարկաբեկված ընկերության,  Appleby-ը հպարտանում է, որ հանդիսանում է օֆշորային ծառայություններ տրամադրող «կախարդական շրջանակի» առաջատար անդամ:

Հոդվածը The Guardian-ից թարգմանել է Զառա Պողոսյանը

Աղբյուրը՝ civilnet.am

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *