Եթե չէին ուզում իրենց մասին տեղեկություններ տարածվեն, թող պատգամավոր չդառնային. Դանիել Իոաննիսյան

timthumb (1)

Հայաստանում լրատվամիջոցների հավաքած հանրային կարևորության անձնական տվյալների հրապարակումն այսուհետ կարող է հետապնդվել օրենքով: Սա նշանակում է՝ այսուհետ որևէ պատգամավորի մասին գրելիս պետք է ստանալ նրա համաձայնությունը:

Նշենք, որ անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքում դեռևս անցյալ տարվա դեկտեմբերից հանվել է առաջին հոդվածի երրորդ կետը, որով լրագրողների և գրական ու գեղարվեստական նպատակներով մշակվող անձնական տվյալների վրա չէր տարածվում օրենքի սահմանափակումները:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում  «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանը նշեց, որ նման որոշում չի կարող լինել, լրագրողները հանգիստ կարող են շարունակել աշխատել, ինչպես աշխատում էին. «Որևիցե հանրային անձի թույլտվություն՝ իր մասին օրինական կերպով տեղեկություններ հավաքելու, տարածելու համար՝ պետք չէ: Եթե այդ մարդիկ չէին ուզում, որ իրենց մասին տեղեկություններ հավաքվի ու տարածվի, թող պատգամավոր չդառնային: Խոսքը, իհարկե, չի վերաբերում անձնական, ընտանեկան կյանքի վերաբերյալ տեղեկություններին», — ասաց նա՝ ավելացնելով, որ պատգամավորի գործունեության, ունեցվածքի, հայացքների, կենսագրության, աշխատանքի մասին լրագրողն իհարկե իրավունք ունի գրել և որևիցե սահմանափակում չի կարող լինել:

«Անգամ, եթե վաղն Ազգային ժողովը օրենք ընդունի, որով չեղյալ է համարում Նյուտոնի օրենքները, դրանից Նյուտոնի օրենքները չեղյալ չեն համարվի: Արդարադատության նախարարության քննարկմանը պետք չէ լուրջ վերաբերվել: Ի վերջո՝ գոյություն ունի վերպետական իրավական ակտեր, ինչպիսիք են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, որն ավելի բարձր իրավական ուժ ունի, քան ՀՀ-ում ընդունված ցանկացած օրենք», — ընդգծեց Իոաննիսյանը:

Իոաննիսյանը վստահեցրեց՝ լրագրողները մտահոգվելու որևէ առիթ չունեն, նրանց ոչ ոք չի կարող հետապնդել բարեխիղճ աշխատանքի համար. «Դա անհեթեթություն է, չեն կարող ընդունել նման օրենք, որը դեմ է Մարդու իրավուքնների կոնվենցիային»,- նշեց նա՝ հավելեով, որ Հայաստանի իշխանությունները փորձում են ցույց տալ, որ իրենք հարգում են անձնական տեղեկությունների պաշտպանվածությունը, սակայն դա անում են սխալ կերպով:

Սոնա Հարությունյան

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *