Եթե օրենքն ուժի մեջ մտնելուց հետո գիշերը գլխացավ կամ ատամնացավ ունենանք, ինչպե՞ս ենք դեղ ձեռք բերելու

timthumb (4)

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարել է մարտի 1-ից սկսած դեղատոմսերով դեղերի բացթողման նոր կարգի մասին: Հայաստանում գրանցված մոտ 4700 անուն դեղից դեղատոմսով բաց թողնման ենթակա է 2700-ը: Մարտի 1-ից դեղատոմսով կվաճառվեն միայն հակաբիոտիկները, հորմոնային պրեպարատները և կոդեին պարունակող դեղերը, հուլիսի 1-ից՝ ներարկումային և հակաուռուցքային բոլոր դեղերը, իսկ արդեն հոկտեմբերի 1-ից՝ մնացած բոլոր դեղերը:

«Դեղերի մասին նոր օրենքում փոփոխությունը խնդրահարույց դրույթներ ունի և բերելու է դեղերի ինքնարժեքի թանկացման: Բայց նախկինում էլ գործել են և դեղատոմսերով դեղեր բաց թողնելու, և հատով դեղի վաճառքն արգելելու կարգերը: Հատով դեղ բաց թողնելը չէր թույլատրվում ո՛չ նախկին, ո՛չ ներկայիս կարգով»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը:

Նրա խոսքով՝ այս փոփոխություններով փորձում են ավելի խիստ կանոնակարգել և վերահսկել ոլորտը. «Ստեղծվել է տեսչություն նախարարությունում, որը պետք է հետևի, վերահսկի այն դեղերի վաճառքը, որոնք դեղատոմսերով են լինելու: Պարզապես, արդեն հերթերի գոյացում է լինելու, ամեն ինչի համար պետք է գնալ բժշկի մոտ ու ինչքան էլ գնացուցակ լինի, որոշակի գումար պետք է վճարենք, բժիշկն էլ ուղղորդի ստուգման, որի համար նույնպես պետք է վճարել»,- ասաց Սամվել Զաքարյանը:

Զաքարյանը հարց բարձրացրեց՝ բոլորին մի հարց է հետաքրքրում՝ եթե գիշերը գլխացավ կամ ատամնացավ ունենան, ինչպե՞ս են դեղ ձեռք բերելու: Նրա խոսքով՝ պետք է հստակեցնել, թե այս դեպքում ինչպես է դեղերի վաճառքը կազմակերպվելու:

Նա ընդգծեց՝ դեղերի շուկայում հարկային օրենսդրության անհրաժեշտություն կա և դեղերի շուկայում Ադրբեջանի ու Վրաստանի հետ մրցունակ լինելու համար ԱԱՀ-ի 20 տոկոսանոց դրույքաչափը պետք է հանվի. «Դեղերի համար ավելացված արժեքի հարկի վերացման մասին է խոսքը: Վրաստանին հարստացնելու պրոցեսը գնալով ավելանում է, տարիներ շարունակ ահազանգում ենք, որ դեղերի 40 տոկոսը կանտրաբանդայի ձևով բերվում է Վրաստանից, որովհետև այնտեղ 20 % ԱԱՀ չկա և 2-3 անգամ էժան է: Ամեն մի տաքսիստ, ամեն մի տուրիստ մտնում, դեղեր է առնում և գալիս է Հայաստան: Ավելին, հիմա արդեն գնում, բուժվում են, մի 2-3 ամսվա դեղերն էլ առնում են և հետ գալիս Հայաստան»,- նկատեց Զաքարյանը:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *