Եկեք խոսենք միայն հաճելի թեմաներից

timthumb (4)

Հոկտեմբերի մեկից ներդրված Սոցիալական փաթեթի արդյունքներն ու արձանագրված խնդիրներն այսօր կայացած բրիֆինգի ժամանակ ներկայացրեց Առողջապահության փոխնախարար Սամվել Մարգարյանը:

«Հինգ ամսվա ընթացքում 42,284 պետական ապարատի աշխատող ստացել է մեկ միլիարդ, 200 մլն գումարի հասնող փոխհատուցում ապահովագրական ընկերությունների կողմից, փոխհատուցվել է 300-ից ավելի վիրահատության գումար, որոնց միջին գումարը հասնում է 200 հազար դրամի: Այս ամիսների ընթացում պետական ծառայողը ոչ մի փաստաթուղթ չի ներկայացնում, բացի անձնագիրը: Ամբողջ բյուրոկրատիան տեղի է ունենում ապահովագրական ընկերության և հիվանդանոցի միջև, էլեկտրոնային եղանակով: Բուժհիմնարկների միջև ստեղծվել է նաև մրցակցություն»,-նշեց փոխնախարարը՝ ընդգծելով, որ այս նոր ներդրված համակարգով մարդիկ ազատ են՝ ընտրելու և՛ ապահովագրական ընկերությունը, և՛ այն հիվանդանոցը, որտեղ ցանկանում են բուժվել:

«Ձեռքներս ծալած չենք նստում, ամեն օր ստանում ենք քաղաքացիներից զանգեր, հարցեր»,-ասաց փոխնախարարը:

Բրիֆինգի ընթացքում ցուցադրվեց ֆիլմ՝ Առողջապահության նախարարության՝ բժշկական ապահովագրության ոլորտում արձանագրած հաջողությունների մասին:

Շնորհակալություններ, գոհացուցիչ խոսքեր, երախտագիտություն էին հայտնում շահառուները նախարարությանը՝ նման ձեռքբերումների համար:

Այս լավատեսական նոտան, սակայն, փոխվեց, երբ փոխնախարարին հարցրեցին՝ իսկ ինչո՞ւ ապրիլի մեկից այս փաթեթից օգտվելու հնարավորություն չունեցան հաշմանդամություն ունեցող քաղաքացիները՝ ինչպես խոստացել էր նախարար Ալթունյանը:

Հարցին ի պատասխան՝ փոխնախարարը նշեց, որ Ալթունյանը հստակ ժամկետ չի նշել, եթե անգամ նշել է, պահանջեց ապացուցել դա, իսկ ինչ վերաբերում է հաշմանդամություն ունեցող անձանց, նա նշեց, որ այս հարցը գտնվում է նախարարության օրակարգում, և իրենք փորձում են չշտապելով գալ որոշումների կայացմանը, ինչը զերծ կպահի լրացուցիչ և տեխնիկական խնդիրներից:

Հարցին՝  պարտադիր դեղատոմսի կիրառման օրենքի հարցում նախարարությունն արձանագրեց խայտառակ իրավիճակ, ինչո՞ւ որոշեց հետքայլ անել, փոխնախարարը նշեց, որ նախարարությունում որոշեցին, որ պետք է անցնել այդ քայլին՝ հստակ ժամանակացույց սահմանելով:

Թեպետ նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը հնարավոր բոլոր մեթոդներով փորձում էր կանխել փոխնախարարին Դեղերի պարտադիր դեղատոմսով բացթողնման որոշման մասին հարցեր ուղղելը, սակայն դա նրան չհաջողվեց:

ԼՈւՐԵՐ.com-ի հարցին՝ ինչո՞ւ նախարարությունն իր անպատասխանատու որոշումով վնասեց շահառուներին, ստեղծեց խուճապային իրավիճակ, փոխնախարարը պատասխանեց. «Ես չեմ փաստում, որ վնաս ենք պատճառել: Այսօրվա բրիֆինգի թեման սոցիալական փաթեթն է, դեղատոմսով դեղերը բաց թողնելու որոշման նախագիծը կցված է Կառավարության կայքում»,-ասաց նա՝ հրաժարվելով որևէ հիմնավորում ներկայացնել նախարարության խայտառակ քայլի համար:

Աղավնի Սուքիասյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *