Ես այդքան միամիտ չեմ, որ կանխիկ գումարը դնեմ մեքենայիս մեջ. Սփյուռքի փոխնախարարը հերքում է իրեն թալանելու մասին լուրը

timthumb (6)

Այսօր մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ հոկտեմբերի 17-ի՝ 21:30-ից մինչև հոկտեմբերի 18-ի 08:20-ն ընկած ժամանակահատվածում թալանել են Սփյուռքի փոխնախարար Սերժիկ Սրապիոնյանի վարած Nissan Qashqai մակնիշի 695 ԼԼ 11 համարանիշի ավտոմեքենան և գողացել 220 հազար ՀՀ դրամ: ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Սփյուռքի փոխնախարար Սերժիկ Սրապիոնյանը մասամբ հերքեց լուրը:

«Այո՛, կոտրել են մեքենայիս ապակին, մեքենաս դրսում է կայանված եղել: Բայց զարմանում եմ՝ որտեղի՞ց են վերցրել, որ մեքենայիս միջից 220 հազար դրամ են գողացել, նման բան չի եղել: Իմ մեքենայից ոչինչ չի պակասել, սովորաբար մեքենայում պահում եմ փոքր կարգի գումար՝ 5-10 հազար դրամ, բայց չեմ էլ հիշում՝ դա էլ եղել է, թե ոչ: Ես այդքան միամիտ չեմ, որ կանխիկ գումարը դնեմ մեքենայիս մեջ. այս լուսավոր դարում մարդիկ պլաստիկ քարտեր են օգտագործում:

Ես ոստիկանություն հրավիրեցի զուտ նրա համար, քանի որ պետական մեքենա է, որպեսզի չստացվի, թե ես եմ վնասել մեքենան: Նրանք էլ նայեցին, որ միայն ապակին է ջարդված, բայց փաստաթղթերին, արժեքավոր իր ունեի մեքենայիս մեջ, դրանց ձեռք տրված չէր»,- զայրացած նշեց փոխնախարարը:

Հարցին՝ ի՞նչ վարկածներ ունի կատարվածի վերաբերյալ, Սրապիոնյանը պատասխանեց.

«Դա կարող էր լինել կամ խուլիգանական արարք, կամ երեխաների միամիտ արարք., չեմ կարծում՝ որևէ մեկը հատուկ ուզեցել է վնաս տալ: Թեև մի մեծ վնաս չի, մի փոքրիկ կողապակի է ջարդվել»,- ասաց նա:

 

Սոնա Հարությունյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *