«Դավիթ Սանասարյանի գործով դեռ ոչինչ չգիտենք, մեզ հասանելի չեն փաստերը, նախաքննության մարմինը դեռ աշխատանքներ ունի անելու փաստեր հայտնաբերելու համար»,- այս մասին հայտարարեց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը` անդրադառնալով ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի դեմ հարուցված մեղադրանքին:
Նրա խոսքով` կոռուպցիայի, չարաշահումների և վատնումների դեմ պայքարում իրենք մարդկանց չեն բաժանելու յուրայինների և օտարների. «Ինչպես նախկինում է եղել, հիմա այդ բաժանումը չի լինելու: Կարծում եմ, որ այդ առումով արդեն համոզվել եք, քանի որ կոռուպցիայի դեմ պայքարում ներգրավված են եղել և՛ փոխնախարար, և՛ այլ պաշտոնյաներ»,- ասաց Լենա Նազարյանը:
Անդրադառնալով նրան, որ Դավիթ Սանասարյանը չի ընդունում մեղադրանքը, կարելի՞ է արդյոք ԱԱԾ-ի գործունեությանը կասկածել, Լենա Նազարյանն ասաց. «Ես որևէ մեկի հանդեպ կասկած չունեմ, ինձ համար կարևորը փաստն է: Փաստեր կլինեն, կխոսեն բոլորը: Ես բացառում եմ, որ որևէ պաշտոնյայի գլխին կարող են գործ սարքել, ինչպես նաև բացառում եմ, որ որևէ մեկը մեղավոր լինի և չպատժվի: ԱԱԾ-ի գործունեությանը չեմ կասկածում, Դավիթ Սանասարյանն էլ, բնականաբար, պետք է պաշտպանություն գործի»,- եզրափակեց Լենա Նազարյանը` նշելով, որ երկու կարևոր համակարգերի` ԱԱԾ-ի և ՊՎԾ-ի միջև եղած տարաձայնությունը չի վնասում Նիկոլ Փաշինյանի հեղինակությանը:
Նրա խոսքով` ընդհակառակը, գուցե նախկինում էլ են եղել նման տարաձայնություններ, բայց հանրությունը տեղյակ չի եղել, ամեն ինչ ներքին կարգով է արվել, իսկ հիմա բարձրաձայնվում է: