Ես չեմ ուզում որևէ «աղանդի» պատկանել. Պռոշյանի համայնքապետի թեկնածու

timthumb

Հունիսի 18-ին Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում տեղի կունենան գյուղապետի ընտրություններ: Առաջադրված է երկու թեկնածու՝ գործող ՀՀԿ-ական գյուղապետ Արթուր Մուրադյանի հետ պայքարելու է անկուսակցական, ինքնաառաջադրված Արմենուհի Մելիքյանը:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց Պռոշյանի համայնքապետի թեկնածու Արմենուհի Մելիքյանի հետ՝ ներկայում ընթացող քաղաքական գործընթացների, գյուղում առկա խնդիրների մասին:

«Առաջներում ընտրական գործընթացներն ավելի ակտիվ են եղել: Երկրում տիրող իրավիճակն իր հետքը թողել է, քանի որ մարդիկ հիասթափված են և կարծում են՝ ոչինչ չի փոխվելու: Սա գյուղ է, որտեղ մեկը մյուսի քեռին է, եղբայրը, խնամին, և ընտրությունը մեծամասամբ այս նկատառումներով է տեղի ունենում»,- ասաց նա՝ ավելացնելով, որ իշխանությունն իր ամեն տեսակ լծակներն օգտագործում է ի նպատ ՀՀԿ-ի:

Համայնքում կա երկու ընտրատեղամաս, որտեղ յուրաքանչյուր կուսակցությունից, դաշինքից պետք է ներկայացված լինի երկուական ներկայացուցիչ: Տեղամասերից մեկում որպես նախագահ ներկայացված է ԲՀԿ-ի ներկայացուցիչն, ով մեր զրուցակցի խոսքով, հանրապետական կողմնորոշմամբ մարդ է, ինչպես նաև գյուղապետարանի աշխատակազմի ղեկավարն ու հանրապետական թեկնածուի հորաքրոջ որդին է. «Եթե ԲՀԿ-ն նույն բանը պետք է անի, ինչ ՀՀԿ-ն, ուրեմն թող միանգամից միանան և բացահայտ գործեն: Նաիրա Զոհրաբյանը Ազգային ժողովում ասում էր, թե ընդդիմադիրներն իրենց ձայնը վաճառել են հանձնաժողովներին, և հիմա ես հայտարարում եմ՝ հենց իրենք են վաճառել: ԲՀԿ-ի մի քանի ներկայացուցիչների հարցում եմ ուղարկել, եթե վաճառված չէ այդ տեղը, ի՞նչ անուն կարելի է տալ դրան: Ի՞նչ է Բարգավաճն այլ ներկայացուցիչ չունե՞ր և հենց ա՞յդ մարդկանց պետք է ներկայացներ, պարտադիր պետք է հանձնաժողովի անդամները գյուղապետարանի աշխատողնե՞ր լինեին»:

Մելիքյանը նշեց՝ ընտրությունները դեռ չսկսված՝ արդեն խարդախություն է տիրում. «Ապրում ենք մի երկրում, որտեղ իշխող կուսակցություն անգամ այսպիսի փոքրիկ գյուղում խարդախություններ է իրականացնում՝ հաղթանակ ապահովելու համար, այսինքն՝ ընտրում են մարդու, ով իրենց հրամանները լուռումունջ կկատարի»,- ասաց նա՝ հավելելով, որ ինքն անկուսակցական է, ունի իր հայացքները և չի հարում ոչ մի կուսակցության:

«Իմ պատկերացմամբ՝ յուրաքանչյուր կուսակցություն վերածվում է աղանդի, ես չեմ ուզում որևէ աղանդի պատկանել»,- ընդգծեց համայնքապետի թեկնածուն:

Ըստ մեր զրուցակցի՝ այսօր վերևներից անում են ամեն ինչ՝ ՀՀԿ-ական թեկնածուի հաղթանակն ապահովելու համար:

Անդրադառնալով Պռոշյանում առկա խնդիրներին, մեր զրուցակիցը նշեց, որ չորս տարի առաջ Արթուր Մուրադյանը խոստումներով եկել է, սակայն այս տարիների ընթացքում ոչինչ չի արել գյուղի համար, իսկ համայնքում խնդիրները բազմաթիվ են. «Այստեղ չկա մշակույթի տուն, 350 աշակերտի համար նախատեսված դպրոցը համալրված է 750 աշակերտով: Մանկապարտեզ, թեև նախկին գյուղապետի՝ Հրաչ Մուրադյանի շնորհիվ վերակառուցվել է, սակայն փոքր է, յուրաքանչյուր խմբում 50-ից ավել երեխա է ներգրավված, որոնք իրար հետ են քնում: Գյուղի ճանապարհները ևս շատ վատ վիճակում են: Գյուղում հարկավոր է այգիներ ստեղծել, ներգրավել մարդկանց, ովքեր սեր ունեն հողի հետ աշխատելու»,- նշեց նա:

Սոնա Հարությունյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *