Եվս մեկ հարված Աբրահամյանների ընտանիքին

64212

 

Չնայած խորհրդարանական ընտրություններից անցել է ավելի քան մեկ ամիս, բայց երկիրը դեռևս ընտրական շրջանին բնորոշ որոշակի լարվածությունից կարծես դուրս չի եկել. քաղաքական դաշտը շարունակում է եռալ:

 

Ինչպես հայտնի է, մայիսի 3-ին մահափորձ էր կատարվել Արարատի մարզի Նորաշեն համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանի դեմ. հնչել էին կրակոցներ նրա մեքենայի ուղղությամբ: Կարճ ժամանակ պահանջվեց, սակայն, որպեսզի այս միջադեպը ոմանք սկսեն կապել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի հետ՝ պնդելով, որ Արգամ Աբրահամյանն է կանգնած այս միջադեպի հետևում:

 

Թե իրականում ինչ նպատակներ են հետապնդում նրանք, ովքեր  փորձում են Արգամ Աբրահամյանի անունը հենց սկզբից կապել այս ամենի հետ՝ այն պարագայում, երբ առնվազն գոյություն ունի անմեղության կանխավարկած, միանգամայն տեսանելի է ու հասկանալի. այս ամենի դրդապատճառներն ու իրական ենթատեքստը բացառապես քաղաքական է, որ կոչված է հարվածի տակ դնելու Հովիկ Աբրահամյանին: Բանն այն է, որ Հովիկ Աբրահամյանն իր որոշակի քաղաքական ակտիվությամբ ակնհայտորեն նյարդայնացնում է Բաղրամյան 26-ին. նախագահը, ձգտելով Հայաստանի քաղաքական դաշտն իր համար դարձնել հարյուր տոկոսով վերահսկելի ու ինտրիգներից զերծ, ավելորդ ակտիվություն չի հանդուրժում մանավանդ մեկի կողմից, ով միառժամանակ առաջ ակնհայտորեն դեմ էր դուրս եկել իր պլաններին: Իսկ հայտնի բան է, որ ցանկացած մարդու ամենաթույլ կողմը սեփական երեխան է. հարվածի տակ դնելով Արգամ Աբրահամյանին՝ իրականում Հովիկ Աբրահամյանին փորձում են հասկացնել, որ իր ժամանակն այլևս անցել է և որ ավելորդ քաղաքական ակտիվությունը կարող է այնքան էլ հաճելի հետևանքներ չունենալ: Իրականում, ստեղծվել է մի իրավիճակ, երբ Հովիկ Աբրահամյանը որևիցե կերպ չի կարողանալու առանց վնասների դուրս գալ դրանից:

 

Եթե պարզվի, որ Արգամ Աբրահամյանն իրապես կապ ունի այս աղմկոտ պատմության հետ, ապա կա՛մ ամենախիստ կերպով կպատժեն նրան, կա՛մ որպես փոխհատուցում՝ կստիպեն Աբրահամյանին՝ գնալ լրջագույն զիջումների. պարզապես կլռեցնեն ու կստիպեն վերջնականապես հրաժեշտ տալ քաղաքականությանը: Իսկ եթե, այնուամենայնիվ, պարզվի, որ Արգամ Աբրահամյանը որևիցե առնչություն չունի միջադեպի հետ, ապա այս պարագայում ևս հակառակ կողմը շահած դուրս կգա, քանի որ այսպես թե այնպես՝ մեծ հարված հասցրած կլինեն Արգամ Աբրահամյանի հեղինակությանն՝ այսպիսով թուլացնելով նրա հետագա շանսերը՝ ակտիվ քաղաքականություն մուտք գործելու:

 

Թե ինչ հանգուցալուծում կունենա այս պատմությունը, պարզ կդառնա առաջիկայում, բայց, որ ստեղծված իրավիճակից դիդվիդենտներ քաղողների պակաս չկա, անկասկած է:

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *