Եվրոպական «տյունինգը» և աղքատության մակարդակը…

timthumb (9)

Հայաստանն արդեն մոտ երկու ամիս է՝ թեւակոխել է գնաճի փուլ: Թանկացումների վերջը դեռեւս չի երեւում: Հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումներն է՛լ ավելի են վատթարացնում Հայաստանի սոցիալապես անապահով՝ մոտ մեկ միլիոն բնակչության վիճակը: Ի՞նչ են անում կամ պատրաստվում անել ՀՀ իշխանությունները՝ այս իրավիճակը մեղմելու համար, եւ ինչպե՞ս պետք է հասարակ սպառողը դիմակայի թանկացումներին. ՀՀԿ-ական Ջեմմա Բաղդասարյանն, օրինակ, չի տեսնում լուծումները, ավելին՝ նա վստահ է, որ Հայաստանում աղքատության մակարդակն իջել է, հետևաբար, մտահոգվելու առիթ էլ չկա:

Տիկին Բաղդասարյանի հետ դժվար թե համաձայնի ՀՀ ԱՎԾ-ն, որի հրապարակած թվերը հուշում են՝ մեր երկրում ծայրահեղ աղքատության մակարդակը կազմել է 1.8%,  8.0%-ը՝ շատ աղքատ են, իսկ մնացած 19.6 %-ն՝ ուղղակի աղքատ: 2016 թվականին աղքատության խորությունը գնահատվել է 4.3%՝ 2008 թվականի 5.1%-ի համեմատ, իսկ աղքատության սրությունը գնահատվել է 1.1 %: Սակայն ՀՀԿ-աններին թվերը չեն մտահոգում. չէ՞ որ նրանք գտել են Հայաստանում առկա խնդիրների բուն պատճառը: Դա ՀՀ քաղաքացիների մեծ մասի թամբալությունն է և լավին չձգտելու հատկությունը: Մարդիկ չեն «ֆայմում», որ ավելի լավ է լինել առողջ և հարուստ, քան հիվանդ և աղքատ, արդյունքում՝ վատ են ապրում, իշխանությունն ի՞նչ անի: Անգամ աղքատության մակարդակն է նվազել, միևնույն է՝ գոհ չեն:  Փաստորեն, սրանից հետո, պաշտոնապես ոչ թե փորձելու են վերացնել աղքատությունը ծնող պատճառները կամ օգնել աղքատներին, այլ սկսելու են կշտամբել նրանց՝ «ինքներդ եք մեղավոր» ծրագրի շրջանակներում: Չէ՛, իրոք, որ ՀՀ քաղաքացիներն են ամեն ինչում մեղավոր: Եթե հանդուրժում են այս վիճակը, ուրեմն մեղավոր են: Մյուս կողմից էլ՝ ինչպե՞ս պահանջես իշխանություններից լուծել խնդիրը, եթե նրանք չեն ընդունում անգամ դրա առկայությունը…

Իշխանությունները «դրայվով» Հայաստանը դարձնում են Եվրոպա, բայց` միայն արտաքինից, որովհետեւ մարդկանց միջին աշխատավարձն անգամ ոչ թե ասիական է մնալու, այլ աֆրիկյան։ Հիմա տեսեք։ Հարուստ մարդիկ, որպես կանոն, ապրում են շքեղ բնակարաններում, իսկ աղքատ մարդիկ` խղճուկ պայմաններում։ Բայց սա չի նշանակում, որ եթե ինչ-որ մեկը աղքատ մարդու տունը վերանորոգի` այդ մարդը կդառնա հարուստ։ Ճիշտ ընթացքը հետեւյալն է` մարդը պիտի նախ եկամուտներն ավելացնի, հետո միայն նորոգի բնակարանը։ Բայց ՀՀԿ կառավարության և ընդհանրապես կառավարման տրամաբանությունն այլ է. նա մտածում է, որ եթե Հայաստանն արտաքինից «տյունինգ արվի» ու դառնա համարյա Եվրոպա, մարդիկ կսկսեն եվրոպացիների պես ապրել.

 

Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *