Երբ հրաժարական կտա վարչապետը և երբ կարձակվի ԱԺ-ն. մանրամասներ ընթացակարգից

timthumb (2)

Վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անխուսափելի են և պետք է տեղի ունենան հնարավորինս արագ: Նա ընտրությունների անցկացման ժամկետ էր նշել դեկտեմբերը, սակայն հոկտեմբերի 2-ի երեկոյան ԱԺ-ում տեղի ունեցած արտահերթ նիստի ժամանակ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ խմբակցությունները կողմ քվեարկեցին ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին, որն, ինչպես նշում են իշխանական կողմի ներկայացուցիչները, ըստ էության, խոչընդոտելու է արտահերթ ընտրությունների անցկացմանը:

Ի՞նչ ընթացակարգ է գործում արտահերթ խորհրդարանական ընտրություների անցկացման համար, ե՞րբ կարող է արձակվել Ազգային ժողովը, ե՞րբ ԱԺ խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ, այս և այլ կարևոր հարցերի շուրջ ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցել է փաստաբան Արայիկ Պապիկյանի հետ:

 — Ի՞նչ ընթացակարգով են քաղաքական ուժերը գնում խորհրդարանական ընտրությունների:

— Համաձայն Ընտրական օրենսգրքի (սահմանադրական օրենք) 103-րդ հոդվածի Ազգային ժողովի հերթական ընտրությունները նշանակվում են Ազգային ժողովի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 60, և ոչ ուշ, քան 50 օր առաջ: Դրա վերաբերյալ ՀՀ նախագահը հրապարակում է հրամանագիր քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 90 օր առաջ:

Այս դեպքում ընտրություններին մասնակցող կուսակցությունները գրանցման համար փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 55, և ոչ ուշ, քան 45 օր առաջ:

Հաշվի առնելով այսօրվա իրողությունները, կարող ենք խոսել ոչ թե հերթական, այլ՝ արտահերթ ընտրությունների մասին: Արտահերթ ընտրությունները, համաձայն օրենսգրքի 104-րդ հոդվածի, անցկացվում են Ազգային ժողովն արձակվելուց ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 45 օր հետո: Նախագահը արտահերթ ընտրություններ նշանակելու մասին  հրամանագիր է հրապարակում ԱԺ-ն արձակելու մասին հրամանագրի հետ միաժամանակ:

Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունները գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում  ոչ ուշ, քան քվեարկությունից 25 օր առաջ:

Ընտրական օրենսգրքի 104-րդ հոդվածը, հավանաբար, փոփոխության կենթարկվի, քանի որ վարչապետին առընթեր ընտրական բարեփոխումների հանձնաժողովի կողմից ներկայացված նախագծի համաձայն՝ սահմանվում է, որ ԱԺ (արտահերթ) ընտրություններին մասնակցող կուսակցությունները գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում Ազգային Ժողովի արձակումից հետո 12 օրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 25 օր առաջ:

Կարծում եմ, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները ՀՀ-ում կկայանան 2018 թ. նոյեմբերի 25-ից մինչև դեկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում:

— Ե՞րբ կարող է արձակվել Ազգային Ժողովը:

— Ազգային ժողովի արձակման իրավական թերևս միակ միջոցը ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածի կիրառումն է: Համաձայն այդ հոդվածի՝ վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` 7-օրյա ժամկետում, ԱԺ խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ:Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից 7 օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:

Հետևաբար, կարող ենք փաստել, որ Կառավարության հրաժարականը ընդունելուց հետո ԱԺ-ն 14 օր ժամանակ ունի խուսափելու արձակումից:

— Ե՞րբ է պաշտոնապես սկսվելու ընտրությունների քարոզարշավը:

— Նախընտրական քարոզչության հիմնական սկզբունքները ևս կարգավորված են օրենսգրքով: Ըստ այդմ, նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սկսվում է ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների, թեկնածուների գրանցման համար օրենսգրքով սահմանված ժամկետի վերջին օրվան հաջորդող 7-րդ օրը և ավարտվում քվեարկության օրվանից 1 օր առաջ:

Քվեարկության և դրան նախորդող (լռության) օրը քարոզչությունը հրապարակային ելույթների, հրապարակային միջոցառումների, ինչպես նաև տպագիր մամուլի, վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող ռադիոընկերությունների և հեռուստաընկերությունների (այդ թվում` արբանյակային հեռարձակման ժամանակ) միջոցով արգելվում է:

Նախընտրական քարոզչության կարգավորման վերաբերյալ նախատեսվում է էական փոփոխություններ և լրացումներ: Այսպես, վարչապետին առընթեր ընտրական բարեփոխումների հանձնաժողովի ներկայացված օրենքի նախագծով սահմանվել են  նախընտրական քարոզչություն համարվող իրավիճակները, որոնք խմբավորված են 5 նույնասեռ խմբերում, ինչպես նաև ԱԺ ընտրության երկրորդ փուլի նախընտրական քարոզչության մեկնարկի ժամկետը (երկրորդ փուլ անցկացնելու մասին որոշման կայացումից հետո՝ 8-րդ օրվանից):

ՀՀ-ում վերջին 2-3 օրերի սրընթաց զարգացումները հիմք են տալիս պնդելու, որ այս փոփոխությունները կընդունվեն ԱԺ-ի կողմից և առաջիկա արտահերթ ընտրությունների ժամանակ դրանք կգործեն:

Սոնա Հարությունյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *