Երբ ոտնահարվում են օմբուդսմանի իրավունքները…

timthumb

ՀՀ արդարադատության նախարարությունը մշակել է «Գործարարների շահերի պաշտպանի մասին» օրենքի նախագիծ, համաձայն որի՝ Հայաստանում կառավարությունը մտադիր է ստեղծել բիզնես-օմբուդսմանի ինստիտուտ: Սակայն այդ նոր օմբուդսմանի ինստիտուտին դեմ է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը, քանի որ ստեղծվող կառույցն ունենալու է գրեթե նույն գործառույթները, ինչ գործող օմբուդսմանն ունի՝ այն տարբերությամբ, որ զբաղվելու է միմիայն գործարարների շահերի պաշտպանությամբ: Թե ինչու են իշխանությունները գնացել այս քայլին, մնում է միայն ենթադրել: Օրինագծի հիմնավորումների մեջ ՀՀ արդարադատության նախարարությունը կասկածի տակ է դրել ՄԻՊ գործունեության արդյունավետությունը, երբ շեշտելով օմբուդսմանի ինստիտուտի առկայության մասին՝ նշել է. «Ներկայումս գործող մեխանիզմները գործարարներին հնարավորություն չեն ընձեռում արագ եւ հուսալի կերպով վերականգնել իրենց խախտված իրավունքները կամ վերացնել գործունեության խոչընդոտները, այդ թվում՝ այն դեպքերում, երբ առկա է այդ խնդիրներին հրատապ կերպով լուծում տալու անհրաժեշտություն»:

Արման Թաթոյանն իր գործունեության արդյունքում հասցրել է վաստակել «ՀՀԿ իրավունքների պաշտպան», «մարդու իրավունքների կիսապաշտպան» եւ նման այլ պիտակներ, ու հիմա իշխանություններն այլեւս հաշվի չեն նստում նրա հետ՝ ստեղծելով եւս մեկ նման կառույց: Փաստորեն, Թաթոյանը հիշում է այն մասին, որ ինքը ՄԻՊ է միայն այն ժամանակ, երբ ոտնահարվում են հենց իր իրավունքները: Վերջինիս բերած հակափաստարկները, մեղմ ասած, թույլ են. ըստ նրա՝ ստեղծվելիք ինստիտուտները չեն ունենալու իր լծակները, իր անկախությունը և կախված են լինելու գործադիր իշխանությունից: Ինքը՝ Թաթոյանը, երբեք էլ անկախության տիպար չի եղել է, և դժվար է հիշել գոնե մեկ դեպք, երբ վերջինս հակադարձել է կառավարության որոշումներին: Հետևաբար, տվյալ պարագայում Թաթոյանը ոչ թե Սահմանադրությունն է պաշտպանում, այլ իր սեփական պաշտոնը: Ու հիմա հետաքրքիր է` արդյո՞ք Արման Թաթոյանը կշարունակի պայքարել նոր օմբուդսմանի ինստիտուտի դեմ (թեկուզ «ամենավատ կադր» կոչվելու գնով), թե՞ մի քանի հրապարակային հայտարարություն հնչեցնելուց հետո կհամակերպվի իրավիճակին` իր կողքին ընդունելով եւս մեկ նման կառույց:

 

Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *