Երկար տևեց․ գոհ են

838cc47ff5efdfd8a6b00fbde42da7bb

Այսօր Կարապետյանի Կառավարությունն առաջին անգամ նիստ անցկացրեց դռնփակ ռեժիմում։ Թե ինչպես անցավ գործադիրի նիստը՝ լրագրողները փորձեցին նիստի ավարտից հետո ճշտել նախարարների պաշտոնակատարներից։

Սուրեն Կարայանը, մասնավորապես, նշեց, որ այսօրվա նիստի ընթացքում հավանություն է ստացել երեք նեդրումային ծրագիր․ «Դրանց ընդհանուր արժեքը կազմել է 21,5 միլիարդ դրամ և կստեղծվի 475 աշխատատեղ»,-ասաց նա:

Ըստ Կարայանի՝ ներդրումներ են եղել գինու, կոնյակի արտադրության, թեթև արդյունաբերության ոլորտում։ «Կարևոր է, որ ներդրումային ծրագրերը ներառում են ինչպես օտարերկրյա ներդրումներ, այնպես էլ տեղական»,-ասաց Կարապետյանը:

Սուրեն Կարայանը նաև հայտնեց, որ  քննարկել են 73 հարց։

Օրակարգում ընդգրկված հարցերի ծավալով հպարտացավ նաև Արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը։

Վերջինս նկատեց, որ Կառավարության դռնփակ նիստն այսօր տևել է ավելի երկար, քան նախորդ անգամները․ «Կես ժամ տևող նիստի փոխարեն մեկուկես ժամ․ սա խոսուն հանգամանք է, որի մասին կարելի է խորհել»,-հպարտացավ պաշտոնակատարը՝ հավելելով, որ կային հարցեր, որոնք ստացել են հարցադրումներ և տեղի են ունեցել բուռն քննարկումներ։

Նիստերի դահլիճից դռնփակ նիստի ընթացքից  գոհ դուրս եկավ նաև  ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանը․ «Երկար տևեց»,-նկատեց պաշտոնակատարը։

Հարցին՝ փակ դռների ետևում ավելի անկաշկա՞նդ էին, նա պատասխանեց․ «Այն ժամանակ էլ էինք անկաշկանդ»:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *