«Երևան՝ սիրո քաղաք». տոնը մեկնարկել է (լուսանկարներ)

560744dc962c4a21a60564de0f9a34e8

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին նշվում է Երեւանի տոնը:

Այս տարի միջոցառումները կանցկացվեն չորս հիմնական բաղադրիչով՝ տես, լսիր, զգա և սիրիր Երևանը:

«Էրեբունի-Երևան 2799» ծրագիրը կկրի «Երևան՝ սիրո քաղաք» կարգախոսը:

Ինչպես տեղեկացանք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի համար Երևանի տարբեր հատվածներում տեղակայված բեմահարթակներում կկազմակերպվեն ավանդական դարձած բազմաժանր՝ ռոքի, ջազի, դասական, ինչպես նաև ազգային երաժշտության համերգային ծրագրեր:

«Երևան՝ սիրո քաղաք» կարգախոսով «Էրեբունի-Երևան-2799» տոնական միջոցառումների մեկնարկը, ավանդույթի համաձայն, տրվել է վաղ առավոտից` ջրցան մեքենաների տոնական շքերթով: 

Տոնական շնչով ձևավորված ջրցան մեքենաների երթը մեկնարկել է Ֆրանսիայի հրապարակից և, անցնելով Մաշտոցի պողատայով, հասել է մինչև Հանրապետության հրապարակ՝ ազդարարելով տոնական օրվա սկիզբը:
Երևանյան փողոցներին «ջրային թարմություն» հաղորդելու և տոնական օրվա գեղեցիկ մեկնարկը տալու գործին սիրով ներգրավվել էին Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության, օպերատիվ ծառայությունների և «Սանիթեք» ընկերության աշխատակիցներն ու շուրջ 70 միավոր հատուկ տեխնիկան: Տոնական երթի ողջ ընթացքն անցավ կանուխ արթնացող երևանցիների հիացական հայացքների և ոգևորող բացականչությունների ներքո։

Այս տարի մշակութային առումով ակտիվ կլինի «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանի հարակից Խաչքարերի պուրակը: Այստեղ կկազմակերպվի «Հին ու նոր Երևանս» խորագրով ցուցահանդեսը, «Ես ու Երևանս» մանկապատանեկան տոնական համերգը: Ժողովրդական արվեստի յուրօրինակ փառատոնային հարթակի կվերածվի Էրեբունի փողոցը: Կարապի լճի հարակից տարածքում էլ կտեղակայվեն լուսանկարչական տաղավարներ: Իսկ Սարյանի անվան պուրակում նկարիչների ձեռքով կստեղծվի «Մեկ կտավ Երևանիս» աշխատանքը, որը կնվիրաբերվի Երևան քաղաքի պատմության թանգարանին:

Էրեբունի-Երևան 2799» միջոցառումների շրջանակում կանցկացվեն մի շարք նոր ծրագրեր: Այդ թվում հոկտեմբերի 14-ին Հանրապետության հրապարակից կմեկնարկի օդագնացության միջազգային փառատոնը, որն առաջին անգամ է անցկացվելու Երևանում: Առաջին անգամ կկազմակերպվի նաև «Խելացի քաղաք» ցուցադրությունը: Թամանյանի արձանի հարևանությամբ տարբեր կրթարանների պատանիները կներկայացնեն իրենց ինտերակտիվ մոտեցումներն ու մտահղացումները: Քաղաքի օրվան նվիրված միջոցառումների ծրագրով սպասվում են նաև մի շարք հետաքրքիր մարզական նախաձեռնություններ: Բացի այդ, կլինեն նաև բազմաթիվ անակնկալ ֆլեշմոբեր, որոնք կմեկնարկեն ամենատարբեր վայրերում և տարբեր ժամերի:

«Էրեբունի-Երևան 2799» միջոցառումները կեզրափակվեն Ազատության հրապարակում անցկացվելիք երիտասարդական դիսկոտեկով և տոնական հրավառությամբ:

Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս ծրագրում չի ներառվել ծավալով ամենամեծ՝ Հանրապետության հրապարակի տոնական գալահամերգը:

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *