Երևանը մեր հայրենիքի սիրտն է. Մանվել Գրիգորյան

timthumb (8)

Արցախի հերոս, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը շնորհավորակյան ուղերձ է հղել Երեւանի տոնի կապակցությամբ: Ուղերձում ասվում է.
Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահ կամավորականների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ ու պատանի երկրապահների եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ բոլորիս Երեւանի հիմնադրման 2799-րդ տարեդարձի առթիվ:
Մեր սիրելի մայրաքաղաք Երեւանը մեր հայրենիքի սիրտն է:
Երեւանցի լինելը մեծ հպարտություն է:
Հայ ժողովրդի հազարամյա պատմության մեջ Երեւան մայրաքաղաքը եղել եւ մնում է հայոց հրաշագեղ քաղաքների զարդն ու հայոց պետականության հիմնաքարը, որով հպարտացել է համայն հայությունը:
Այս հպարտությամբ հայ ժողովուրդը դարեր շարունակ կառուցել է Երեւանը, որը դարձել է գիտության, մշակութի ու կրթության կենտրոն՝ դեպի իրեն ձգելով աշխարհասփյուռ հայությանը:
Այսօր Երեւանն աշխարհի գրավիչ քաղաքներից մեկն է, որով հպարտանում է յուրաքանչյուր հայ: Ամեն մի հայ, աշխարհի որ ծայրում էլ լինի, պարտավոր է օրվա մեջ թեկուզ մեկ րոպե մտածել հարազատ մայրաքաղաքի մասին, օգտակար լինել նրան, հպարտանալ նրանով: Այս հպարտությամբ Երեւանի կամավորական ջոկատները, 5-րդ բրիգադի Երեւանի գումարտակների մարտիկները մարտնչել են Արցախյան ազատամարտում, ՀՀ սահմանամերձ շրջաններում:
Յուրաքանչյուր ազատամարտիկ, յուրաքանչյուր երկրապահ` երեւանցի, թե գյումրեցի, լոռեցի, թե էջմիածնեցի, մարտադաշտում կռվել է այն գիտակցությամբ, որ Երեւանն է պաշտպանում: Ես միշտ ասել եմ` տավուշցին էլ, սյունեցին էլ, արցախցին էլ, պաշտպանելով իր գյուղը, մայրաքաղաք Երեւանն է պաշտպանում: Երեւանցի քաջերն ակտիվ մասնակցություն ունեցան նաեւ 2016-ի ապրիլյան պատերազմում:
Սիրելի՛ Տարոն, Ձեր հայրը, ՀՀ վարչապետ, ԵԿՄ վարչության անդամ, երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանն, իր կյանքն անմնացորդ նվիրեց ՀՀ անկախությանն ու հզորացմանը՝ իր ամենօրյա ուշադրության կենտրոնում պահելով երկրապահ ընտանիքներին: Այսօր էլ դուք ջանք ու եռանդ չեք խնայում սիրելի մայրաքաղաքի հիմնախնդիրները կարգավորելու, քաղաքն էլ ավելի գեղեցկացնելու նպատակով՝ միաժամանակ Ձեր ուշադրության կենտրոնում պահելով երկրապահի խնդիրները:
Երկրապահներս հպարտության զգացում ունենք, որ Երեւանի քաղաքապետը ԵԿՄ վարչության անդամ է: Այս զգացումն ավելի ու ավելի է պարտավորեցնում մեզ:
Երկրապահներս անում ենք հնարավորը, որ Երեւանը դառնա աշխարհի լավագույն քաղաքներից մեկը եւ դեպի իրեն ձգի աշխարհասփյուռ հայությանը:
Թող տոնական զգացողությունը պարուրի բոլորին, հատկապես Երեւանի համար հերոսաբար զոհված հայորդիների հարազատներին, հերոս մայրերին:
Երեւանի տոնի առթիվ մեկ անգամ եւս շնորհավորում եմ ողջ հայ ժողովրդին, հայացքը դեպի Երեւանն ուղղած աշխարհասփյուռ հայությանը, երեւանցիներին, մայրաքաղաք Երեւանի բոլոր բարեկամներին եւ Ձեզ` հարգարժան քաղաքապետ, մաղթում խաղաղություն ու ընտանեկան երջանկություն:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *