Զբոսաշրջություն են զարգացնում` արգելոց-թանգարանների մուտքի վճարները ավելացնելով

timthumb

Մշակույթի նախարարության որոշումով՝ այսօրվանից որոշ պատմամշակութային արգելոց-թանգարանների՝ «Գառնի», «Զվարթնոց», «Մեծամոր» և այլն, մուտքի վճարները կավելանան:  Կոնկրետ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի մուտքի գինը  արտերկրից այցելուների համար ներկայիս 1200 դրամի փոխարեն սահմանվել է 1500 դրամ, իսկ ՀՀ քաղաքացիները 250 դրամի փոխարեն կվճարեն 500 դրամ: Թանկացել են նաև ծառայությունների գները, օրինակ՝ հայերեն լեզվով և օտար լեզվով  էքսկուրսիայի գինը 2500 դրամից դարձել է 4000 դրամ:

Այս թանկացումները դեռևս որևէ տրամաբանության մեջ կտեղավորվեին, եթե մշակույթի նախարարությունը նախապես աշխատանքներ տաներ և բարելավեր պատմամշակութային գոտիներում մատուցվող ծառայությունների որակը և ենթակառուցվածքները: Բայց արի ու տես, որ նախարարությունից էլ են ընդունում ՝ ամեն ինչ ոնց կար, այնպես էլ մնացել է: Դժվար թե թանկացումից հետո, էքսկուրսիաները անցկացվեն զուլալ շեքսպիրյան անգլերենով: Հետևաբար հարց է առաջանում  ՝ իսկ ինչի՞ համար հանկարծ նման շեդեվրալ միտք առաջացավ և արդյոք նախարար Ամիրյանը ճիշտ է ըմբռնել վարչապետի՝ տուրիզմի զարգացման տեսլականը և հիմա էլ մեծագույն պատրաստակամությամբ հանձն է առել այն կյանքի կոչել: Ինչ խոսք, բիզնես պրոյեկտներ կերտելու տեսանկյունից մշակույթի նախարարը հավասարը չունի: Նրա կրեատիվի կեսը ստանդարտ մտածող մարզպետներինը լիներ…

Մշակույթի նախարարությունում երկար գլուխ չեն կոտրել, թե  ինչպես են այդ գումարը վճարելու տեղաբնակ հայերը, որոնց համար սա պարզապես հերթական անհարկի թանկացումն էր: Պետ. բյուջեն  գումար չունի սեփական մշակույթը պահպանելու համար, այլևս մեր հույսը առատաձեռն տուրիստներն են, որոնց համար, ըստ մշակույթի նախարարության, սա չնչին գումար է: Մյուս հարցը կապված է նորամուծության տեխնիկական մասի հետ: Ինչպե՞ս են պատմամշակութային արգելոցների աշխատակիցները տարբերելու Հայաստանի քաղաքացուն այլ երկրի քաղաքացիներից: Գուցե մուտքը ոչ միայն կրկնակի թանկ տոմսերով դարձնեն, այլ նաև անձնագրո՞վ…

Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *