Զգուշացե՛ք. կանայք գրոհում են պետական ապարատը

timthumb (1)

Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը համոզված է՝ հայ կանայք կարող են և ունեն անհրաժեշտ ներուժ՝ տեղական ինքնակառավարման մարմիններում տղամարդկանց հավասար կառավարելու և որոշումներ կայացնելու համար:
 
Այս մասին նա ասաց այսօր կազմակերված «Կանայք և տեղական ինքնակառավարումը» խորագիրը կրող համաժողովի ժամանակ: «Այսօրվա համաժողովի նպատակն է՝ ցույց տալ, որ կանայք բավականին մեծ թիվ են կազմում մեր հասարակության մեջ՝ 50 տոկոսն են, սակայն որոշումներ կայացնելու հարցում ունեն շատ քիչ հնարավորություն և ազդեցություն: Եթե խոսենք թվերով, ապա պետք է փաստել, որ ունենք ընդամենը յոթ համայնքի կին ղեկավար և շատ քիչ ավագանու անդամ, իսկ սա պարզապես անարդար է»,- նշեց նա և հավելեց, որ այս բացը չի լրացնում անգամ պետական կառավարման համակարգում կիրառվող քվոտավորման համակարգը:
 
Հարցին՝ կանանց մասնակցության տեսակետից ի՞նչ պատկեր արձանագրեցինք վերջին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո, Էմին Երիցյանը պատասխանեց.
 
«Համայնքների խոշորացման արդյունքում վիճակագրական թվերն ավելի վատացան և ունեցանք ավելի քիչ ավագանու անդամներ»:
 
Երիցյանից խնդրեցինք նշել՝ ի՞նչ գործուն մեխանիզմ կա այս բացը լրացնելու համար: Հարցին ի պատասխան՝ նա ասաց.
 
«Շատ պարզ ընթացակարգ է: Մենք տեսնում ենք, որ Կառավարությունն առաջարկում է կոնկրետ գործողություններ: Համայնքներում սպասվում են ընտրություններ. որպես գործուն մեխանիզմ՝ առաջարկում ենք ավագանու ընտրությունը դարձնել համամասնական, իսկ Կառավարությունն էլ կներդնի քվոտավորման համակարգը: Որպես լուծման տարբերակ դիտարկվում է նաև այն, որ այլևս պետք չէ կին գործիչների կարողությունները ջերմոցային ձևով զարգացնել: Պետք է ընդհանուր հասարակության կարողությունները զարգացնել և ծրագրերի առումով՝ պետք չէ թիրախավորել միայն կանանց»,-ասաց Երիցյանը:
 
ԼՈՒՐԵՐ.com-ի հարցին՝ ժամանակակից կինը պետական կառավարման համակարգում կարո՞ղ է հավասար քայլել տղամարդու հետ և արդյոք ունի՞ համապատասխան ներուժ երկրի կառավարման կարևոր պաշտոններում որոշումներ կայացնելու առումով, Երիցյանը պատասխանեց.
 
«Միանշանակ՝ ունեն համապատասխան պոտենցիալը: Կանանց կրթական ցենզը շատ ավելի բարձր է»:
 
Աղավնի Սուքիասյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *