Զինված խմբին կարող է տրվել միայն արդար քննության երաշխիք

Պավ

ՊՊԾ գունդը գրաված և այնտեղ պատանդներ պահող զինված խումբը չունի քաղաքական, հանրային, միջազգային աջակցություն։ Քաղաքական հիմնական կուսակցությունները անկախ իշխանության նկատմամբ ունեցած վերաբերմունքից դատապարտել են տեղի ունեցածը։ Զինված խումբը չունի նաև հանրային աջակցություն։ Փողոցներում նրանց աջակցում է լավագույն դեպքում մի քանի հարյուր մարդ։ Թերևս սա էր պատճառը, որ ահաբեկչություն իրականացրած խումբն արագ տրանսֆորմացրեց իր պահանջը։ Զինված ապստամբության կամ իշխանափոխության պահանջի փոխարեն, հիմա հնչում են միայն Ժիրայր Սէֆիլյանին ազատ արձակելու վերջնագիրը։

Զինված խումբը չունի աջակցություն նաև արտերկրում։ ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչն արդեն ասել է, որ Վաշինգտոնը անընդունելի է համարում ուժի կիրառումը քաղաքական հարցեր լուծելու համար։ Այս համատեքստում, Սէֆիլյանին ազատ արձակելու պահանջը խիստ անիրական է։ Նախ հուլիսի 17-ի միջադեպը եկավ հաստատելու, որ Սէֆիլյանին ներկայացված մեղադրանքները իրավաչափ ու համարժեք են։ Երկրորդը, եթե նույնիսկ իշխանությունները արյունահեղությունը կանխելու նպատակով որոշեն ազատ արձակել Սէֆիլյանին, դա տևելու է մի քանի ժամ։ Ակնհայտ է, որ Սէֆիլյանն ու ՊՊԾ գնդի վրա հարձակում գործած մարդիկ Հայաստանում պատսպարվել չեն կարող։ Նրանց ապաստան չի տալու որևէ երկիր։

Ուրեմն ինչի՞ շուրջ կարող են բանակցել իշխանություններն ու զինված խմբի անդամները։ Նրանց խոսակցության միակ թեման կարող է լինել զինված խմբի անդամների կողմից զենքերը հանձնելն ու պատանդներին ազատ արձակելը։ Միակ բանը, որ իշխանությունը կարող է խոստանալ զինված խմբի անդամներին, բանտարկության մեջ նրանց անվտանգությունն ապահովելը, այս և Ժ. Սէֆիլյանի գործով օրինական քննություններ անցկացնելն է։ Իշխանություն-զինված խումբ բանակցությունների ցանկացած այլ օրակարգ իրավիճակը տանում է փակուղի։

Սարգիս Հակոբյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *