Զինված խումբը պառակտվո՞ւմ է

զինվ

Երեկ արտառոց ասուլիս է եղել ՀՀ ոստիկանությունում թե ասելիքի և թե ձևաչափի առումով։ ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի երկու անդամի՝ Էդգար Սողոմոնյանի և Գարիկ Հովակիմյանի ծնողները խնդրում էին, որպեսզի թույլ տրվի իրենց որդիներին հեռանալ գնդի տարածքից։ Արդյո՞ք ծնողներն ասուլիսի էին եկել իրենց որդիների անուղղակի խնդրանքով, թե ոչ, ո՞ւմ էր ուղղված իրենց որդիներին ազատելու խնդրանքը՝ զինված խմբի ղեկավարների՞ն, թե իրավապահ մարմիններին։ Սրանք հարցեր են, որոնց պատասխաններն այս պահին այնքան էլ էական չեն։ Եթե ծնողների պատմածներն իրականություն են, ապա մեկ այլ խնդիր է ավելի հետաքրիքր դառնում։ Հանցավոր խմբում են ոչ միայն արմատական տրամադրություններ ունեցող, այլ նաև պատահական մարդիկ։

Ծնողները գուցե փորձում են արդարացնել իրենց որդիներին, մեղմել նրանց արարքը, բայց նրանք ասում են, որ իրենց որդիները կապ չունեն քաղաքականության հետ։ Ավելին՝ նրանցից մեկը նոր է վերադարձել Ռուսաստանից, մյուսն այդ երկիր գնալու էր շուտով։
ՊՊԾ գնդի շուրջ լարվածության ձգձգումը կարող է բերել հակասությունների հենց զինված խմբի ներսում։ Ի դեպ, Ժիրայր Սէֆիլյանի խումբը նման նախադեպ ունի։ 2013 թվականի աշնանը, երբ նրանք փոքրաթիվ խմբով ընդդիմանում էին Փակ շուկայի վերակառուցմանը, Սէֆիլյանի համակիրների մեջ դարձյալ գտնվեցին մարդիկ, ովքեր իրենց ընտանիքների պահանջով, հեռացան շարժումից։ Ասել կուզեմ, ոչ «Հիմնադիր խորհրդարանը», ոչ «Սասնա Ծռեր» խումբը երկարատև ճգնաժամին դիմակայելու կազմակերպչական, մարդկային ռեսուրսներ չունեն։

Երեկ Ոստիկանությունը հանրության ուշադրության կենտրոնում էր նաև այլ դրվագով։ Հուլիսի 19-ին, ՊՊԾ գնդին հակառակ կողմից մոտեցել են մի խումբ սարիթաղցիներ։ Դժվար է ասել՝ այս մարդիկ եկել են զորակցելու զինված խմբին, թե փորձել են օգտվել լարված իրավիճակից այլ՝ ենթադրաբար քրեական շարժառիթներից ելնելով։

Հստակ է միայն մի բան, որ նրանք բախվել են ոստիկանների հետ ու ներկայումս հետախուզվում են իրավապահների կողմից։ ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված ճգնաժամը հարվածում է երկրի միջազգային հեղինակությանը, մեծացնում է քաղաքական և քրեական լարվածությունը երկրի ներսում։ Ինձ ավելի շատ անհանգստացնում ու զարմացնում է երկրի նախագահի լռությունը։ Մինչդեռ Սերժ Սարգսյանի խոսքին սպասում են հազարավոր քաղաքացիներ, ովքեր հուսահատության մեջ են՝ տևական անորոշության հետևանքով։

Սարգիս Հակոբյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *