Զիջելու հերթն Ադրբեջանինն է. Գառնիկ Իսագուլյան

timthumb (4)

«Նախագահ Սերժ Սարգսյանն իր երեկվա հարցազրույցով տվեց քաղաքական շրջանակներում, մամուլում և հասարակության մեջ առկախված և շրջանառվող այն հարցերի պատասխանները, որոնք կապված էին Արցախյան հարցի, Ադրբեջանի վարած ռազմատենչ և ագրեսիվ  քաղաքականության, ռուսական կողմից զենքի վաճառքի և մեր բանակի սպառազինության որակի և քանակի հետ»,-ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն՝ անդրադառնալով  նախագահ Սերժ Սարգսյանի՝ «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարին տված հարցազրույցին:

Խոսելով նախագահի դիտարկման մասին, որ եթե Ադրբեջանն այսկերպ շարունակի, հայկական կողմն այլևս զիջելու որևէ ցանկություն չի ունենա, մեր զրուցակիցը նշեց, որ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Արցախյան հիմնախնդրի շուրջ 1994 թվականից մինչ մեր օրերը ծավալվող գործընթացները կարող են նույնչափ ընթանալ և դրա պատճառները նախագահը շատ հստակ մատնանշեց. «Սերժ Սարգսյանն իր խոսքում շեշտեց զիջումի և փոխզիջումի տարբերությունը՝ կրկնելով, որ Հայաստանը զիջելու որևէ բան չունի»,-ասաց Գառնիկ Իսագուլյանը՝ շեշտելով, որ Հայաստանն այլևս զիջելու բան չունի, քանի որ արդեն երկու խոշոր զիջում Ադրբեջանին արել է. «Նախ՝ հետ դառնանք. մեր առաջին մեծ զիջումը, որը 94 թվականին էր, երբ հայկական կողմն անսաց ադրբեջանական կողմի խնդրանքին և իր դիրքերն էլ ավելի առաջ չտվեց՝ կնքելով հրադադարը: Մեր կողմից կատարված երկրորդ խոշոր զիջումն այն էր, երբ Ադրբեջանն Արցախի հետ բանակցելու անհարմարություն էր զգում և Հայաստանը մտավ Ադրբեջանի հետ բանակցությունների մեջ, որպեսզի Ադրբեջանը դիսկոնֆորտ չզգա: Հայաստանն այլևս զիջելու տեղ չունի, ուստի, հիմա հերթն Ադրբեջանինն է»:

Դիտարկմանը, որ, այնուամենայնիվ, Ադրբեջանը շարունակում է պահանջել հայկական կողմից՝ արհամարհելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչերն ու հրադադարի պահպանման ռեժիմը, մեր զրուցակիցը նշեց. «Միևնույնն է, բոլոր դեպքերում տուժողը լինելու է Ադրբեջանը, մենք ունենք դե ֆակտո կայացած պետություն՝ իր բոլոր ենթակառուցվածքներով: Արցախը տնտեսապես կայացած և զարգացած պետություն է, այնպես որ, անցնի 20 տարի, թե 200, միևնույնն է՝ Արցախյան հարցի լուծումը հետաձգելու պարագայում մտածելու բան ունի Ադրբեջանը»: 

Աղավնի Սուքիասյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *