Զրոյական վստահություն իշխանությունների հանդեպ. Սարգսյանը համակարգի զոհն է դառնում

timthumb (1)

ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը մեծ արձագանք է ունեցել հանրային շրջանակներում: Նախարարը իր ֆեյսբուքյան էջում կոչ էր արել ֆինանսապես օգնել վիրավոր զինծառայողներից մեկին՝ բարդ վիրահատության կազմակերպման համար: Քննարկումները թեժացան, երբ օգտատերերից մեկը գրեց՝ «1000 դրամները պրծա՞ն, թե՞ թազա բոշության ձև է»: «Բոշան դու ես»,- հակադարձել էր Վիգեն Սարգսյանը: Այն, որ հասարակությունն իր արձագանքներում պետք է ավելի բարձր նշաձող սահմանի. եթե նույնիսկ իշխանությունը դրան չի ձգում՝ դա փաստ է, սակայն հարցադրումը օբյեկտիվ է և հետաքրքրում է Հայաստանի այն բոլոր քաղաքացիներին, ովքեր ամսական 1000 դրամ են վճարում Վիգեն Սարգսյանի ստեղծած հիմնադրամին: Մինչդեռ նախարարը, փոխարենը պատասխանի քաղաքացիներին հուզող այդ հարցին, կամ թեկուզ՝ անպաստախան թողնի, ինչպես և անպատասխան էր թողել մինչ այդ արված մի շարք մեկնաբանություններ, որոշեց լեզվակռվի բռնվել և պիտակավորել, ինչը, իհարկե, ՀՀ պաշտպանության նախարարին հարիր չէ: Սա Վիգեն Սարգսյանի հերթական սայթաքումն էր, նախարարը մտավ հանրային քննարկումների հարթակ՝ ակնհայտ դրան պատրաստ չլինելով:  Սարգսյանի էպոտաժը այս իրավիճակում միանշական իր դեմ աշխատեց, քանի որ պիտակավորել քաղաքացիներին, ովքեր մատնանշում են բանակում կոռուպցիան և բանակի ղեկավարների անհաշվետու և ոչ թափանցիկ գործունեությունը, նշանակում է չունենալ որևէ հիմնավոր պատասխան և արդարացում հանրության հայտնած «անվստահության քվեին»:
Ի դեպ՝ վստահության մասին: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի նախաձեռնած «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամի հրապարակած հաշվետվությունը բավականին խոսուն է և ոչ դրական եզրահանգումների առիթ տվող: Մեկ տարի գործող հիմնադրամը 2017 թվականի ընթացքում հավաքել է ավել քան 5 մլրդ 800 մլն դրամ: Գումարը փոքր չէ, սակայն գրեթե ամբողջությամբ պարտադիր վճարներն են՝ այսպես ասած՝ 1000 դրամները: Կամավոր փոխանցումները կամ նվիրատվությունները չնչին մաս են կազմում՝ ընդամենը 91 մլն դրամ: Այդ 91 մլն դրամ նվիրատվությունից 71 մլն դրամը ևս Հայաստանից է կատարվել, իսկ 18 երկիր միասին՝ ընդամենը 20 մլն դրամ են փոխանցել: Սա խոսուն վկայություն է, թե որքան «մեծ» է սփյուռքի վստահությունը հիշյալ հիմնադրամի նկատմամբ: Հետևաբար, իշխանությունների, և, մասնավորապես՝ ՊՆ համար չպետք է զարմանալի լիներ Հայաստանում բնակվողների արձագանքը, որոնք հանրային կյանքի բոլոր ոլորտներում յուրաքանչյուր օր են բախվում անարդարության, կոռուպցիայի և իշխանություններին վստահելու որևէ հիմք չունեն;
Իհարկե, կասկած չկա Վիգեն Սարգսյանի՝ զինվորին օգնելու անկեղծ մղումների մեջ, նախարարը Սերժ Սարգսյանի շրջապատի ինտելեկտուալ եզակի ֆիգուրներից մեկն է և հաստատ նրա ոճը չէ էժանագին PR-ը: Դա ամենեւին նոր ոգու, արդիականության արտահայտություն չէր, որպիսին փորձում է ներկայանալ նախարարը: Միևնույն ժամանակ, եթե նախարարի ցանկությունն անկեղծ է, ավելորդ չենք համարի հուշել՝ թափ տվեք ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների գրպանները, երբ նրանք ռեստորան մտնելիս կլինեն, կարող է այդ 45 հազար դոլարը միանգամից հավաքվի: Իսկ հանրային քննարկման թիրախում ոչ թե զինվորին օգնելու կամ չօգնելու հարցն է, այլ այդ օգնության կազմակերպման ձևաչափը: Խնդիրը ոչ թե մեր զինվորներին ուժերի սահմաններում աջակցելու ցանկության բացակայության, այլ իշխանության նախաձեռնությունների նկատմամբ զրոյական վստահության մեջ է: Եթե չլիներ այդ լրջագույն բացը, պետություն-հասարակություն  անջրպետը, գուցե արձագանքն այսպիսին չլիներ, պաշտոնյաներն էլ, իրենց անկեղծ մղումներով հանդերձ՝ չհայտնվեին հերթական քննադատությունների ու աղմուկի թիրախում:
Ստելլա Խաչատրյան

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *