Էջմիածնի նորընտիր քաղաքապետի շուրջ կրքերը չեն հանդարտվում. ստորագրահավաք կսկսվի

timthumb (8)

Նորանկախ Հայաստանի առաջին կին քաղաքապետ Դիանա Գասպարյանի շուրջ կրքերը չեն հանդարտվում: Այս անգամ նոր խումբ է ձևավորվել, որը, կասկածի տակ դնելով Էջմիածնի նորընտիր կին քաղաղաքապետի՝ հոկտեմբերի 21-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում հավաքած ձայների հավաստիությունը, որոշել է ստորագրահավաք կազմակերպել:

Խումբը պնդում է, որ Դիանա Գասպարյանի հավաքած շուրջ 8 000 ձայները շատ կասկածելի են. «Օրենքով սահմանված կարգով Էջմիածնում կանցկացվի ստորագրահավաք 45000-ից ավել ընտրողների կողմից՝ ընդդեմ 8000 խիստ կասկածելի ձայներին, մերժելով Դիանա Գասպարյանի պաշտոնավարումը, այն նաև կներկայացվի կառավարություն»: Էջմիածնի նորընտիր քաղաքապետը ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ տեղյակ է այդ նախաձեռնության մասին և միևնույն ժամանակ համոզմունք հայտնեց, որ դժվար կլինի ստորագրահավաք կազմակերպել ընտրությանը մասնակցած 45.000-ից ավել քաղաքացիների շրջանում:

«Ժամանակը ցույց կտա, թե ինչ կլինի: Նախ ձայները կասկածի տակ դնելն ունի իրավական հստակ ընթացակարգ: Ես բնականոն հունով աշխատելու եմ, իսկ թե ով ինչ է ուզում կազմակերպել իմ դեմ՝ իր գործն է»,-ընդգծեց Գասպարյանը:

Դիանա Գասպարյանը մեզ հետ զրույցում մատնացույց արեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, շեշտելով՝ եթե ստացված ձայների առումով կասկածներ կան, ապա նախ պետք է դիմեն ԿԸՀ, ոստիկանություն, նոր հետո քննարկեն ձայների հավաստիությունը:

Իսկ ՏԻՄ ընտրությունների ժամանակ գրանցված խախտումների վերաբերյալ Դիանա Գասպարյանը նշեց. «Հավանաբար, իրավապահ մարմինները զբաղվում են արձանագրված խախտումներով և առաջիկայում պարզ կլինեն արդյունքները: Ես կարծում եմ՝ նոր Հայաստանում որևէ մեկը չի կարող կասկածի տակ դնել իշխանությունների վարքագիծն ընտրություններում»:

Արմինե Միքայելյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *