Էրդողանը հայտնել է Թուրքիայի, ՌԴ-ի և Իրանի գլխավոր շտաբների պետերի առաջիկա հանդիպման մասին

timthumb

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան, Մոսկվան եւ Թեհրանը պլանավորում են զինված ուժերի գլխավոր շտաբների պետերի եռակողմ հանդիպում անցկացնել Սիրիայի իրադրության շուրջ: Թուրքիայի նախագահի խոսքը նոյեմբերի 17-ին մեջբերել է Yeni Safak թերթը:

«Նոյեմբերի 22-ին մենք Սոչիում կհանդիպենք ՌԴ-ի եւ Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Հասան Ռոուհանիի հետ: Մեր երկրները ցանկանում են շարունակել Աստանայի գործընթացը սիրիական կարգավորման շուրջ: Դրանից մեկ օր առաջ կհանդիպեն մեր արտաքին գործերի նախարարները՝ նախապատրաստելու ղեկավարների գագաթնաժողովը, նույն օրը նրանք կքննարկեն գլխավոր շտաբների պետերի հանդիպման հարցը»,-ասել է Էրդողանը: Նա հավելել է, որ Սոչիում «հնարավորություն կլինի քննարկել Սիրիայի վերջին իրադարձությունները, նախեւառաջ Իդլիբի եւ Աֆրինի իրադրությունը»:

Թուրքիայի ղեկավարը նշել է, որ իր երկիրը «ճկունություն է հանդես բերում Իդլիբում Ռուսաստանի եւ Իրանի կողմից դիտորդական կետերի ստեղծման հարցում», բայց «առանց պոզիտիվի է նայում Աֆրինում նման կետեր ստեղծելու Իրանի հնարավոր ցանկությանը»:

Անդրադառնալով Աստանայի կամ Ժնեւի բանակցություններին «Դեմոկրատական միություն» կուսակցությունից սիրիացի քրդերի ներկայացուցիչների հնարավոր մասնակցությանը՝ Էրդողանը հայտարարել է, որ «այդ դեպքում Թուրքիան բանակցությունների սեղանի շուրջ չի նստի»: «Մենք բոլորի համար հստակ պարզաբանել ենք մեր դիրքորոշումը «Դեմոկրատական միության» նկատմամբ: Նման ահաբեկչական կազմակերպություններն օրինականացնելը անթույլատրելի է, եւ մենք նրանց հետ բանակցությունների սեղանի շուրջ չենք նստի: Դա վերաբերում է ե՛ւ Աստանային, ե՛ւ Ժնեւին»,-ասել է նա:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նոյեմբերի 16-ին լրագրողներին հայտնել է, որ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի նախագահները նոյեմբերի 22-ին կհանդիպեն Սոչիում՝ քննարկելու Սիրիայի իրադրության կարգավորման խնդիրները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *