Էրդողանի ակնարկը` հայերին…

timthumb (10)

 

Հանրահայտ է,որ ապրիլքսանչորսյան բոլոր ուղերձներից մեզ համար իր կարևորությամբ սովորաբար առանձնանում է ԱՄՆ նախագահի ուղերձը: Դա այդպես է հատկապես ամերիկահայության համար, ովքեր էլ այսօր հայկական պահանջատիրության հիմնական հարվածող ուժն են հանդիսանում: Իհարկե, ոչ ոք չի կարող թերագնահատել ԱՄՆ նախագահների խոսքի արժեքը, սակայն պետք է նկատել, որ ԱՄՆ նախագահը ամենևին էլ միակը չէ, ում հայտարարություններին պետք է ուշադրություն դարձնել:

 

Ապրիլի 24-ի կապակցությամբ Թուրքիայի հայ համայնքին խոսք է հղել այդ երկրի նախագահ Էրդողանը: Հատկապես լարված այս ժամանակներում, երբ Թուրքիան, ըստ էության, թևակոխում է ցնցումների տրանսֆորմացիաների նոր փուլ, դրա ղեկավարի խոսքն՝ ուղղված տեղի հայությանը, ոչ պակաս հետաքրքրություն է առաջ բերում, քան, ասենք, նույն Թրամփինը:

 

Այսպիսով՝ եթե փորձենք հասկանալ Էրդողանի ուղերձի տողատակերն, ապա կգանք այն եզրահանգմանը, որ ուղերձն այդ՝ առավելապես արտաքին աշխարհին ի տես է հրապարակվել. դրանում տեղ գտած մտքերը բավական նրբանկատորեն են շարադրված ու ի ցույց են դնում իբր թուրքահայ համայնքի նկատմամբ պետության բարի վերաբերմունքը: Ինչպես միշտ՝ անմեղ նահատակներին վերաբերող հատվածները ձևակերպված էին անորոշ ու իրականությունը քողարկող նախադասություններով, որոնցից պարզ է դառնում մեկ բան՝ 20-րդ դարի սկզբներին մոտ 2 միլիոն նահատակվածներն ընդամենը զոհ են դարձել այդ թվերին աշխարհում ստեղծված քաղաքական իրավիճակին, ու որևիցե պլանավորված բնույթ՝ ջարդերը չեն կրել: Այսպիսով, Էրդողանը մի կողմից չի ժխտում հայության ջարդը, քանի որ ուղղակի ամոթալի վիճակում կհայտնվեր, մյուս կողմից՝ հրաժարվում է դրա պատասխանատվությունը բարդել թուրքական այն ժամանակվա պետության վրա, որի իրավահաջորդն է այսօրվա Թուրքիան: Մի խոսքով՝ թուրքերը նույն երգն են երգում, ինչ երկար տարիներ ի վեր:

 

Եթե անկեղծ լինենք, ապա պետք է նկատենք, որ Թուրքիայից, ու մանավանդ Էրդողանից՝ ավելին սպասել պետք էլ չէր ու սխալ կլիներ: Էրդողանի ելույթն ընդամենը մեկ բանի մասին է. եթե Թուրքիայի հայերն իրենց գլուխը կախ ապրեն ու արարեն այդ երկրում, նրանց ոչ ոք ոչինչ չի ասի, ավելին՝ Էրդողանն անձամբ կերաշխավորի նրանց իրավունքներն, իսկ եթե միանան դրսի իրենց հայրենակիցներին ու պահանջատերի դերում հանդես գան, ապա լավ բանի հույս՝ կարող են չունենալ. թուրքական պետությունը վճռակամ է տրամադրված իր ապստամբ քաղաքացիներին սանձելու հարցում:

 

Տրամաբանակա՞ն է այս ուղերձը՝ թուրքական շահերի տեսանկյունից՝ միգուցե այո, արդա՞ր է, դե իհա՛րկե ոչ:

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *