Ընդհանուր սիրո պակաս կա Նկարիչների միությունում ու նկարիչների մեջ. Աշոտ Թադևոսյան

timthumb

Ռուսաստանաբնակ նկարիչ Աշոտ Թադևոսյանը, ով հայտնի է որպես TATEV, Հայաստանում է: Նկարիչն իր կյանքի շուրջ 40 տարին նվիրել է ստեղծագործելուն: Լինելով հայրենիքից հեռու՝ նա միշտ ստեղծագործել է հայրենիքի համար, իսկ իր ներշնչանքի աղբյուրներն են եղել սերը, արևը, հայրենիքը: Նա համարում է, որ իր ողջ կյանքում գտնվել է ստեղծագործական գործուղման մեջ և երբեք չի հեռացել հայրենիքից։ Չնայած իր բազմաթիվ ստեղծագործական հաջողություններին, Աշոտ Թադևոսյանը ինքնաքննադատ է և երբևէ չի մտածել, թե լավ է նկարում: Նկարիչը նաև քանդակագործ է, և նա կարծում է, որ նկարիչը մի լեզու ունի և կապ չունի՝ թղթի վրա՞, թե՞ քանդակի տեսքով է  արտահայտվում:  ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցի ժամանակ նա անդրադարձավ առաջիկայում սպասվող իր ծրագրերին, Մշակույթի նախարարության գործունեությանը ու Նկարիչների միության նախագահի շուրջ ծավալվող բուռն քննարկումներին։

-Պարո՛ն Թադևոսյան, ի՞նչ նոր ծրագրեր ունեք Ձեր ստեղծագործական կյանքում:

-Վերջերս Մոսկվայում ստեղծել եմ միջազգային կարգավիճակով հայ նկարիչների ալյանս, որի նպատակն է համախմբել հայ նկարիչներին։ Այն ցուցահանդեսային բնույթ կունենա։  Առաջին ցուցահանդեսն արդեն բացվել է Մոսկվայում։ Ցուցահանդեսը կոչվում է «Իմ սեր Երևան», նվիրվում է Երևանի 2800 ամյակին։ Իսկ երկրորդ մեծ ծրագիրը, որը երեկ Մշակույթի նախարարության կողմից ստացավ համաձայնություն, Հայ եկեղեցում Տիրամոր պատկերի խնդիրն է։ Շուտով կհայտարարենք միջհայկական նկարիչների մրցույթ, որը կտևի որոշակի ժամանակ, ու կմասնակցեն ամբողջ աշխարհի հայ նկարիչները:

-Նշեցիք, որ եղել եք Մշակույթի նախարարությունում։ Ի՞նչ կարծիք ունեք թավշյա հեղափոխությունից հետո հայաստանյան մշակութային կյանքում արված փոփոխությունների մասին:

-Շատ լավ կարծիք ունեմ, և կարծում եմ՝ նոր նախարարը արժեքները կվերանայի, որը վերջին 20 տարվա ընթացքում ամբողջովին վերացել է, և ոչ պրոֆեսիոնալներին դաշտից կվերացնի։ Եթե այս հարցին հումորով մոտենանք, ապա Արամ Խաչատրյանը դարձել է Արամ Ասատրյան։ Այս խնդիրը պետք է լուծվի։ Ես տեսել եմ, որ նոր նախարարը շրջապատված է շատ պրոֆեսիոնալ կադրերով, որոնց հիմնականում ճանաչում եմ և հուսով եմ, որ նրանք արդյունավետ կաշխատեն։

-Հայաստանի հետ անընդհատ կապի մեջ լինելով՝ պետք է որ տեղեկացված լինեք՝ Նկարիչների միությունում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների, մասնավորապես, նախագահ Կարեն Աղամյանի հրաժարականի պահանջի մասին։ Ձեր կարծիքը ո՞րն է այս հարցի շուրջ:

-Ստեղծված իրավիճակում մեղավոր են թե՛ նկարիչները, թե՛ Կարեն Աղամյանը։ Եթե մի մարդու չեն ընդունում գործընկերները, ապա նա պետք է հեռանա։ Անձամբ ես կարծում եմ և առաջարկել եմ նաև Մշակույթի նախարարությունում, որ Նկարիչների միության նախագահը չպետք է լինի նկարիչ, և եթե նկարիչ է, ապա այնպիսին պետք է լինի, որի առջև բոլորս պետք է խոնարհվենք։ Օրինակ՝ մշակույթի նախարարը մշակույթի գործիչ չէ, բայց նրան շրջապատում են պրոֆեսիոնալներ, որոնք գիտեմ, որ կաշխատեն։

-Ի՞նչ խնդիրներ եք տեսնում Նկարիչների միությունում։

-Նկարիչների մեծ մասը զբաղվում են միայն իրենց ստեղծագործություններով և արթնանում են, երբ ուշ է լինում։ Իսկ այն ժամանակ, երբ կան հարցեր քննարկելու, նրանք զբաղված են և չեն քննարկում։ Մեր երկրում նկարիչների մեջ պառակտված մթնոլորտ է։ Նրանք չեն սիրում իրար, չեն գնում միմյանց ցուցահանդեսներին, քիչ  են իրար հետ շփվում։ Ընդհանուր սիրո պակաս կա նկարիչների միությունում ու նկարիչների մեջ։

-Եվ վերջում՝ վերջերս  վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա գտնվեց Մոսկվայի «Փառքի Բլուրում» Ձեր հեղիանակած մարշալ Համազասպ Բաբաջանյանի արձանի բացման արարողությանը։ Ի՞նչ տպավորություններ ունեիք։

-Ես իմ պարտքը կատարեցի, նա՝ իրենը։ Բոլորս մեր հարգանիք տուրքը մատուցեցինք մեր հերոսներին, ու բացի այդ, ևս մեկ անգամ ցույց տվեցինք հայ-ռուսական բարեկամությունը։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *