Ընտանեկան բռնության տեսակներն ու թիրախային խմբերը՝ ըստ վիճակագրության

timthumb (3)

Ազգային ժողովը 6-րդ գումարման քառօրյայում քննարկեց և ընդունեց աղմկահարույց՝ «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նկատենք, որ օրենքը բուռն քննարկումների արժանցավ: Հասարակությունը բաժանվել էր երկու մասի. մի մասը գտնում էր, որ օրենքն ընտանիքի քայքայման ծրագիր է՝ Արևմուտքից պարտադրված, մյուս մասն էլ գտնում էր, որ այն անհրաժեշտ է ու շատ կարևոր:

ԼՈւՐԵՐ.com-ը ոստիկանություն հարցում ուղարկեց՝ պարզելու, թե 2016-2017 թթ. ընթացքում ընտանեկան բռնության քանի դեպք է գրանցվել  Հայաստանում և դրանցից քանի՞ տոկոսն է տեղի ունեցել Երևանում:

Մեր հարցմանն ի պատասխան՝ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից պատասխանեցին, որ 2017 թ. ընթացքում քննվել է ընտանեկան բռնության 716 դեպք, որոնց 36.2%-ը գրանցվել է Երևան քաղաքում։ 2016 թ. 11 ամիսների ընթացքում քննվել է ընտանեկան բռնության 658 դեպք, 34.2%-ը գրանցվել է Երևան քաղաքում։

Անդրադառնալով հարցին, թե բռնության ո՞ր տեսակներն են գերակշռում Երևանում և որոնք՝ մարզերում, ոստիկանությունից հայտնում են, որ 2017 թ. 11 ամիսների ընթացքում գրանցված ընտանեկան բռնության 716 դեպքից 666-ը եղել է ֆիզիկական, սեռական՝ 0, 50-ը՝ այլ բռնության տեսակներ են։ Իսկ 2016 թ. 11 ամիսների ընթացքում գրանցված ընտանեկան բռնության 658 դեպքից 606-ը՝ ֆիզիկական, 4-ը՝ սեռական, 48-ը՝ այլ բռնության տեսակներ են. «Կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ՀՀ-ում գրանցված ընտանեկան բռնության դեպքերի գերակշիռ մասն ինչպես Երևան քաղաքում, այնպես էլ մարզերում՝ ֆիզիկական բռնության դեպքերն են։

ՀՀ-ում գրանցված ընտանեկան բռնության դեպքերի վերաբերյալ կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հիշյալ դեպքերով տուժող հանդիսացող անձանցից թիրախային են համարվում երիտասարդ և միջին տարիքի անձինք»,- ասվում է պատասխանի մեջ։

Նշենք, որ շատերը սկանդալային հայտարարություններով հանդես եկան ընտանեկան բռնության կանխարգելման օրենքի դեմ, որից հետո օրենքի մեջ փոփոխություններ մտցվեցին՝ «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրինագիծը վերանվանելով «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգման մասին» օրինագիծ:

Օրենքի նախնական տարբերակը քննադատվեց նաև Հանրապետական կուսակցության մի շարք կարկառուն ներկայացուցիչների՝ Գագիկ Մելիքյանի, Էդուարդ Շարմազանովի, ինչպես նաև մի շարք «ավանդապաշտ» հանրապետականների կողմից: Նկատենք, որ օրենքի նախագծին դեմ արտահայտվեցին նաև Դեմոկրատական կուսակցությունը և Հանրային խորհուրդը:

Հավելենք՝ թեև օրենքը փոփոխությունների ենթարկվեց, սակայն այստեղ էլ տեսակետները չհամընկան. ոմանց կարծիքով օրենքը խեղաթյուրվեց, ոմանք էլ ասում են՝ բարելավվեց: Բայց ինչևէ` դեկտեմբերի 13-ին ԱԺ նիստում օրենքն ընդունվեց 75 կողմ, 12 դեմ և 8 ձեռնպահ համամասնությամբ:

Սոնա Հարությունյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *