Ընտրական «գամբիտ»

timthumb (3)

Ընտրություններից հետո սկսվում է բուն քաղաքական կյանքը` խորհրդարանի ու կառավարության կազմավորումը: Դեկտեմբերի 16-ին ԿԸՀ-ն հայտարարեց, թե ովքեր են մանդատ ստանում. ըստ այդմ՝ ՔՊ-ն կունենա 88 պատգամավոր, ԲՀԿ-ն` 26, ԼՀԿ-ն` 18:

Նշենք, որ վարչապետի հարց չկա, կա նախարարների հարց. փաստացի՝ նախարարներն ուզում են պատգամավոր դառնալ: Կես տարվա աշխատանքից շատերը հասկացել են, որ մի կողմից ուժից վեր աշխատանք է, մյուս կողմից՝ մեծ է վտանգը, որ կհարուցեն Նիկոլ Փաշինյանի զայրույթը և կկորցնեն պորտֆելը։ ԱԺ պատգամավորի կարգավիճակը ընտրագույն է` ուշադրության կենտրոնում են, անընդհատ գնում են գործուղումների, ստանում են բարձր աշխատավարձ և ունեն 0 պատասխանատվություն:

Փորձագետները տագնապի ազդանշան են բարձրացնում, որ «Իմ քայլին» խորհրդարանում կոճակ սեղմելու գործառույթին է ընծայվելու ու այլ անելիք չունի՝ ինչպես ժամանակին՝ նախկինները: Սկիզբը խոստանում է հետաքրքիր լինել. երբ մանդատները ստանան, սկսվելու է խորհրդարանում պաշտոնների բաշխումը` նախագահի ու փոխնախագահների, հանձնաժողովների նախագահների ու փոխնախագահների ընտրությունները, միջազգային կառույցներում Աժ պատվիրակությունների ու բարեկամության խմբերի կազմավորումը, խմբակցությունների ղեկավարների ընտրությունը: Դրսից հետաքրքիր են միայն նախագահ+փոխնախագահներ+հանձնաժողովների նախագահների ընտրությունները, ներսում այս գործընթացները մինի սկանդալներ ու մինի պատերազմներ են հարուցելու կուսակցությունների ներսում ու շուրջբոլորը:

Արդեն հայտնի է, որ Աժ նախագահի հիմնական թեկնածուն Արարատ Միրզոյանն է, փոխնախագահներինը` Ալեն Սիմոնյանն ու Լենա Նազարյանը: ԲՀԿ նախագահը խոստանում է ժողովրդի ձայնը լինել` հավատարիմ մնալով իր գաղափարախոսությանը: Ակնհայտ է, որ կոալիցիա չենք ունենալու: ՔՊ-ն ԱԺ-ում ունի մեծամասնություն և որևէ այլ ուժի հետ կոալիցիա կազմելու անհրաժեշտություն չի տեսնում: Ընտրություններից առաջ Փաշինյանն ասել էր, որ լինելու են ոչ միայն կադրային, այլև կառուցվածքային փոփոխություններ: Առայժմ ապագա կառավարությունից հայտնի են երկու նախարարների անունները` Դավիթ Տոնոյան, Զոհրաբ Մնացականյան:

Մյուսներն անհայտ են, ինչպես նախարարությունների թիվն ու անվանումները: Թեպետ ստեղծված պայմաններում դա պայմանականություն է, միևնույնն է, բոլոր դերերում լինելու է Նիկոլը ու բոլոր պահանջները ներկայացվելու են նրան` թե՛ խորհրդարանում, թե՛ կառավարությունում: Նույնիսկ Չարենցավանի 3-րդ դպրոցում: Ի՞նչ է կատարվում արտախորհրդարանական դարձած կուսակցություններում: Փորձագետների կարծիքով` ՀՀԿ-ին մնում է արտախորհրդարանական ընդդիմություն դառնալը, բայց նվազագույնը կես տարի ՀՀԿ-ն չի կարող համախմբել իշխանությունից դժգոհ քաղաքական ուժերին` գործում է հետհեղափոխական էյֆորիան, որը կարգելի ՀՀԿ-ի հետ համագործակցել:

Իսկ հետո «կյանքը կդառնա ՀՀԿ-ի կողմնակից»` թանկացումները, թերացումները, ու այլևս ՔՊ-ն չի կարողանա ասել, որ մեղավորը ՀՀԿ-ն է: ՀՀԿ-ն արդեն հայտարարել է, որ սկսել է «Մերժել Նիկոլին» պայքարը. նույն վիճակում է ՀՅԴ-ն: Ստացվում է, որ ունենում ենք մի իրավիճակ, երբ փաստացի ՔՊ-ի ուսերին է մնալու Հայաստանի ինքնիշխանության վերականգնումը, ազգային անվտանգության ապահովումը, տնտեսական հեղափոխությունը ու պարզապես երկիրը պահելը: Այդ հարցերը չեն լուծվում «խոնարհվում եմ ձեր առաջ, սիրում եմ ձեզ, համբուրում եմ ձեզ» հայտարարություններով:

Պոպուլիզմն ընտրություններից հետո գործելու է ՔՊ-ի դեմ, որ բախվելու է էյֆորիայի հակառակ կողմին՝ պահանջների տեսքով` բումերանգը իրենք են նետել, իրենց էլ վերադառնալու է:

Հ.Գ. Դեկտեմբերի 10-ից Նիկոլ Փաշինյանը ստանում էր շնորհավորանքներ. առաջինը Վրաստանն էր` նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, երկրորդը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն էր, նույն օրը` պետդեպարտամենտն ու ԵՄ-ն, Իրանը, անգամ Մեծ Բրիտանիան, որ խառն է բրեկզիտով: Նույնիսկ Ժիրինովսկին Պետդումայում հիշեց «ուսապարկով տղային», որ քայլում էր ու քայլում` մինչև հասավ հնաբնակներին վտարելուն, իսկ Պուտինը, Մեդվեդևը, ՀԱՊԿ կամ ԵԱՏՄ որևէ երկիր նրան դեռ չի շնորհավորել:

Դա եվրասիական տարածքի համախտանիշ է, որ վկայում է ՀՀ-ում կատարվող իրադարձությունների նկատմամբ խորթությունն ու իշխանափոխության սպասումը, երբ կվերադառնան «յուրայիններն» ու իրենց նմանները:

Աղասի Առաքելյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *