Թալիշում անվտանգության երաշխիքներ չկան, վերաբնակեցում չի կատարվում․ գյուղապետ

Թալիշում վերաբնակեցում կազմակերպելու համար այսօր բացարձակապես ոչինչ չի կատարվում։ Դա կապված է անվտանգության երաշխիքների հետ, որոնք բացակայում են, իսկ ավերվածությունները երկրորդ պլան են մղվում։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի զրույցում ցավով նշեց Թալիշի գյուղապետ Վիլեն Պետրոսյանը։

«Ես վերջնական չեմ համարում, որ մենք Թալիշը կորցրել ենք։ Ես առավել քան համոզված եմ, որ, եթե ոչ ապագայում, ապա տարիներ հետո նորից մենք հետ կգնանք Թալիշ»,- ասաց գյուղապետը։ Վերջինս թալիշեցի մոտ 22 ընտանիքի հետ ժամանակավոր բնակվում է Ալաշանում, որտեղ շուտով դպրոց կբացվի, որպեսզի դպրոցահասակ երեխաները կարողանան սեպտեմբերին դպրոց գնալ։

Գյուղապետի խոսքով՝ թալիշեցիները հիմնականում բնակություն են հաստատել ՀՀ-ում, Արցախի տարբեր շրջաններում։ Թալիշեցիները Հայաստանում նախընտրել են Չարենցավանը։

Պետրոսյանը նշեց, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակը թալիշցիներին ամեն ամիս դրամական օգնություն է ցուցաբերում, մոտ՝ 70 հազար դրամի չափով։ «Կարծում եմ այդ օգնությունը բավականին տեղին է։ Որոշակի օգնություն սննդի հետ կապված սոցապնախարարությունն է անում, վարչակազմն է անում և այլն»,- հավելեց գյուղապետը։

Վիլեն Պետրոսյանը, հիշելով գյուղի հրետակոծումը, պատմում է՝ իրենք բացարձակապես չեն սպասել, որ պատերազմը կարող է գյուղից սկսվել։ Ապրիլի 2-ին էլ իր ծննդյան օրն էր, որին, գյուղապետի խոսքով, պատրաստվել էին մեծ շուքով նշել։

Քրիստինա Աղալարյան

Արցախ

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *