Թավշյա 6 ամիսները. հաջողությունների և ձախողումների ինչպիսի «ուսապարկով» է Փաշինյանը գնում ընտրությունների

timthumb (13)

Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո անցել է ուղիղ վեց ամիս, կամ կես տարի: Այս ժամանակահատվածը բավարար է հասկանալու համար, թե ինչպիսի արդյունքներ է ի վերջո գրանցել հեղափոխության հաղթանակը Հայաստանում, հաջողությունների և ձախողումների ինչպիսի ուսապարկով է Փաշինյանը ուղիղ մեկ ամիս անց գնալու այդ արդյունքների ինստիտուցիոնալիզացմանը՝ ընտրություններին:
Մի բան նկատելի է անգամ անզեն աչքով և առանց վերլուծությունների՝ հեղափոխական էյֆորիան, որն առկա էր վեց ամիս առաջ, այսօր զիջում է իր դիրքերը պրագմատիկ և փաստերի վրա հիմնված դատողություններին: Փաստերն էլ, ի դեպ, այնպիսինն են, որ անգամ քաղաքական թատերաբեմից հեռացող ՀՀԿ-ն է կես ճանապարհից փոշմանել և արդեն իսկ իրեն անվանում է միակ և անկրկնելի ընդդիմություն: Իսկ ընդդիմությունը, ինչպես գիտենք, կենսական ուժ է ստանում հենց իշխանության ձախողումների արդյունքում:
Վեց ամսվա ընթացքում տնտեսության մեջ ակնկալվող թռիչքը դեռևս նկատելի չէ: Ավելին՝ չկան այդ թռիչքի համար անհրաժեշտ նախադրյալները: Դրա մասին են խոսում անգամ Փաշինյանի թիմակիցները, որոնք կարծես նույնպես պոպուլիզմի և հրապարակային արված խոստումների դաշտից արդեն տեղափոխվել են դառը իրականություն, որտեղ հնարավորությունները և ցանկությունները չեն համընկնում: Թոշակների, նպաստների բարձրացման մասին արված խոստումներին այսօր փոխարինել է Բյուջե 2019-ի ընդունման տապալմանն ուղղված քայլերը, այն պարզ պատճառով, որ բյուջեն շատ ավելի համեստ է ստացվել, քան հրապարակում տված խոստումներն էին: Աշխատատեղերի ստեղծման խոստումներին փոխարինելու է եկել 300 հազարը աշխատում են, որ պահեն 800 հազարին, և ոչխար պահեք տրամաբանության մեջ արվող հայտարարությունները, մինչդեռ Հայաստանում գործազրկության աղետալի ցուցանիշը որևէ փոփոխություն չի ապրել: Ինչո՞ւ: Ոչ այն պատճառով, որ ազգն է թաբմալ, այլ այն պատճառով, որ ոչ բոլորը կարող են և ոչ բոլորն են պարտավոր կատարել պետության գործառույթները, ոչ բոլորն ունեն գործարար ջիղ, որպեսզի զրոյից բիզնես դնեն և ոչ բոլորն են վստահ , որ անգամ ԱԱԾ մասկի շոուներից հետո մեր երկրում բիզնեսով զբաղվելը զերծ է ռիսկերից: Վեց ամսվա ընթացքում չեն ստեղծվել պայմաններ անգամ ներդրումների համար, հարկային եռի թեթևացմանը, հարկային արձակուրդին կամ ամնիստիային սպասող հասարակությանը նոր իշխանությունները թավշյա նվեր մատուցեցին ի դեմս հարկային տեռորի և ՊԵԿ կողմից դեռևս փաթեթավորվող նվերի՝ ID քարտերի միջոցով զանգվածային հարկման, երբ բոլորը դառնալու են հարկ վճարող: Բացի այդ, տեղին է հիշել դեռևս ընդդիմադիր Փաշինյանի բոցաշունչ ելույթները, թե արտոնությունները տրվում են միայն օլիգարխներին, սակայն արի ու տես թավշյա կառավարության առաջին բիզնես արտոնությունը տրվեց հենց Սամվել Ալեքսանյանին: Իհարկե վարչապետը կարող է ասել, որ այս վեց ամիսների ընթացքում դրական փոփոխություններ ևս տեղի են ունեցել, օրինակ աճել է բիզնեսի վարկավորումը: Սակայն պետք չէ վերլուծական հզոր միտք ունենալ, հասկանալու համար՝ վարկավորումը աճել է այն պարզ պատճառով, որ բիզնեսը պարզապես խեղդվում է տնտեսությունում ֆինանսական մուտքերի իսպառ բացակայության պայմաններում:
Արտաքին քաղաքական ոլորտում թավիշը ևս շատ արագ վերացավ: Որքան էլ որ Հայաստանի միջազգային գործընկերները ըմբռնումով մոտեցան երկրում տեղի ունեցած փոփոխություններին՝ նրանք չեն շտապում օգնության ձեռք մեկնել Փաշինյանի կառավարությանը: Ավելին՝ ՌԴ-ի հետ երբեմնի դաշնակցային հարաբերությունները այսօր հասել են լարվածության գագաթնակետին, ՀԱՊԿ-ում քաղաքական ճգնաժամ է, ԵԱՏՄ-ում կյանքը կանգ է առել. ԵՄ-ի հետ համաձայնագրի դրույթների իրականացման մասին կարծես թե ընդհանրապես մոռացել են, իսկ ԱՄՆ հետ հարաբերությունների զարգացումը հղի է լուրջ վտանգներով, քանի որ Հայաստանի հետ Վաշինգոնից արդեն իսկ վերջնագրերի լեզվով են խոսում: Չկա առաջընթաց Հայաստան-Վրաստան, Հայաստան-Իրան հարաբերություններում: Տպավորություն է, որ շուտով տարածաշրջանում բարեկամական հարաբերություններ ենք ունենալու միայն Ադրբեջանի հետ ՝ սիրո ու թավիշի շրջանակներում տարվող ակտիվ պրո-ադրբեջանական քարոզչությունը ի վերջո պե՞տք է չէ իր պտուղները տա…
Փաշինյանի կադրային քաղաքականության մասին չեն խոսում միայն պարապները:Շատ չծավալվելով բոլորին հայտնի փաստերի շուրջ պարզապես նշենք, որ մամուլում առկա որոշ տեղեկությունների համաձայն նախորդ իշխանության օդիոզ դեմքերը կապահովեն իրենց տաքուկ անկյունները ԱԺ-ում այս անգամ արդեն ՔՊ ցանկով: Սա ամենն է , ինչ պետք է իմանալ թավշյա հեղափոխության առաջին վեց ամիսների արդյունքներն ամփոփելիս…

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *