Թափանցիկ, ճկուն ու թղթի բարակության էկրաններ, որոնք կդառնան Հայաստանի այցեքարտը

timthumb

«Լույս» հիմնադրամի կրթաթոշակառու, Քեմբրիջի համալսարանի ուսանողուհի Ամալյա Կոստանյանը դարձել է մի գյուտի հեղինակ, որը կարող է հեղափոխություն առաջացնել ողջ ՏՏ ոլորտում՝ դառնալով աշխարհին ներկայանալու՝ Հայաստանի նոր այցեքարտը։

ԼՈւՐԵՐ.com-ին Լույս հիմնադրամից հայտնեցին, որ Ամալյան ստեղծել է շատ բարակ էկրաններ, որոնք մեկ անգամ լիցքավորելով՝ կարելի է օտագործել 3 տարի․ «Այս պահին Ամալյան Քեմբրիջում է։ Նա այնտեղ սովորում է։ Իր գյուտի մասին առայժմ չի ցանկանում լրատվականներին տալ հարցազրույց, և նշում է, որ պատրաստ կլինի հարցազրույցներ տալ, երբ իր գյուտն արդեն 100 տոկոսով ավարտած կլինի և արդյունքը կլինի իր ձեռքում»,-փոխանցեցին հիմնադրամից՝ հարցազրույցի համար խորհուրդ տալով մի փոքր սպասել և տեղեկացնելով, որ արված աշխատանքի մասին Ամալյան արդեն տվել է հարցազրույց, որը տեղադրված է հիմնադրամի կայքէջում, որից մի հատված ներկայացնում ենք ստորև․

— Ամալյա՛, պատմեք, խնդրում եմ, Ձեր անցած ուղու մասին:

Ասեմ, որ հիմնական մասնագիտական ոլորտս նանոտեխնոլոգիաներն են և նանոճարտարագիտությունը: Ավարտել եմ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը (ՀՊՃՀ)` որպես ինժեներ մասնագիտանալով կիսահաղորդչային և միկրոէլեկտրոնային սարքավորումների ոլորտում: Ավարտելուց հետո աշխատել եմ որպես թվային միկրոչիպերի նախագծման ինժեներ «Վիրաժ Լոջիք» ընկերությունում, որը հետագայում վերանվանվեց «Սինոփսիս Հայաստան»: Շատ ուրախ եմ, որ հնարավորություն եմ ունեցել նորագույն տեխնոլոգիաներով աշխատելու և վերապատրաստում անցնելու: Ընկերությունը համագործակցում էր արդյունաբերական հայտնի գործընկերների հետ, ուստի նախագծեր իրականացնելու համար մենք պետք է տիրապետեինք բազմաթիվ նոր տեխնոլոգիաների և նոր հմտություններ ձեռք բերեինք:

-Այդ ժամանակ արդեն նախատեսո՞ւմ էիք շարունակել Ձեր ուսումն արտերկրում:

Այդ շրջանում մտածեցի, որ նանոտեխնոլոգիաների ոլորտում գիտական ավելի մեծ փորձի կարիք ունեմ, որպեսզի հմտանամ ու ավելի մրցունակ լինեմ մի շուկայում, որտեղ նոր տեխնոլոգիաներ են հայտնվում ամեն ամիս: Ապագայի որևէ սարքավորում ստեղծելու համար կարիք ունեի անհրաժեշտ գիտելիք ու փորձառություն ձեռք բերելու, ահա թե ինչու սկսեցի փնտրել հետաքրքիր, նորարարական, բազմառարկայական ակադեմիական ծրագրեր նանոտեխնոլոգիաների ոլորտում: Ի վերջո, ես ընտրեցի Քեմբրիջի համալսարանի առաջարկած ծրագիրը, քանի որ այն, բացի հիմնական դասընթացներից, առաջարկում էր նաև հետազոտական հնարավորություններ: Քեմբրիջում սկսեցի սովորել միկրոնանոտեխնոլոգիաների մագիստրոսական ծրագրով. այդ ծրագիրը նախագծված է այն ուսանողների համար, ովքեր ցանկանում են կիսահաղորդիչների նախագծման և նանոտեխնոլոգիաների արդյունաբերության մեջ հանդես գալ որպես արտադրող-ձեռնարկատերեր: Ես շատ ուրախ էի, քանի որ առիթ ունեցա շփվելու այդ ոլորտում աշխատող բազմաթիվ գործարարների հետ` միաժամանակ ձեռք բերելով իմ ուսումնասիրության ոլորտի հետ սերտորեն կապված նշանակալի գիտելիքներ: 2012 թվականի գարնանը և ամռանն աշխատեցի ֆոտոնիկայում և էլեկտրոնիկայում օգտագործվող մոլեկուլյար նյութերի կենտրոնում (Քեմբրիջի համալսարան): Աշխատելու ընթացքում ես ուշադրությունս կենտրոնացրել էի ու փորձում էի լավ ըմբռնել գրաֆենի և հեղուկ բյուրեղների տարբեր տեսակների միջև փոխազդեցությունները: Շատ ոգևորիչ էր այս ամենն ինձ համար, քանի որ կարճ ժամանակահատվածում ես կարողացա ձեռք բերել հրատարակելի արդյունքներ: Նաև ասպիրանտական կրթություն ստանալու առաջարկ ստացա հենց այդ հետազոտող խմբի կողմից, թեև այն ընդունել չէի կարող, քանի դեռ չէի կարող ապահովել անհրաժեշտ կրթաթոշակը:

-Շատ հետաքրքիր է: Պատրաստի ի՞նչ պրոդուկտ եք նախատեսում ներկայացնել ասպիրանտական ծրագրի ավարտին:

Երկարաժամկետ հեռանկարում ցանկանում եմ ստեղծել գրաֆենից պատրաստված թափանցիկ, ճկուն ու թղթի բարակության էկրաններ, որոնք հնարավոր կլինի լայնածավալ արտադրության հանել ու առաջիկա երկու-երեք տարիների ընթացքում ներկայացնել համաշխարհային շուկայում:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ այստեղ

Աղավնի Սուքիասյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *