Թերանում եք, թերանում…

timthumb

ՀՀ պետական բյուջեն այս տարի եւս կթերակատարվի. հունվար-սեպտեմբեր ամիսներին բյուջեի մուտքերը ծրագրվածից բավական քիչ են հավաքագրվել: 2017թ. ՀՀ պետական բյուջեի մասին օրենքի համաձայն՝ այս տարի եկամուտները պետք է կազմեին 1 տրիլիոն 210 մլրդ դրամ, որից 1 տրիլիոն 135 միլիարդը լինելու էին հարկային եկամուտները: Սակայն նախորդ տարվա դեկտեմբերի 29-ին կառավարության N 1313-Ն որոշմամբ բյուջեում ճշգրտումներ արվեցին եւ բարձրացվեց նախանշված շեմը: Ըստ այդմ, բյուջեի եկամուտները 2017թ. համար սահմանվեցին 1 տրիլիոն 327.3 մլրդ դրամ, որից միայն հարկային եկամուտները` 1 տրիլիոն 202.6 մլրդ դրամ: Եւ ահա, ՀՀ ֆինանսների նախարարությունը հրապարակել է հունվար-սեպտեմբեր ամիսների բյուջեի կատարողականի հաշվետվությունը, ըստ որի՝ բյուջեի եկամուտները 6.8 տոկոս պակաս են հավաքագրվել, իսկ միայն հարկային եկամուտները թերակատարվել են 4.5 տոկոսով: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանի խոսքերով՝ եթե կառավարությունը ցանկացած գնով ձեռնամուխ լինի բյուջեի` ճշգրտված եկամուտների հավաքագրման, ապա տնտեսության մեջ կլինեն խեղումներ:
Խնդիրը բարդացել է այնքանով, որ մենք սպառում ենք նաեւ վարկերի միջոցով բյուջեի եկամուտներն ավելացնելու հնարավորությունը, քանի որ պետական պարտքն արդեն մոտեցել է ՀՆԱ 60 տոկոսի սահմանագծին։ Միևնույն ժամանակ, ծախսերի կրճատումը չի տալիս սպասված արդյունքը: Եթե Կարեն Կարապետյանը մեծագույն ցանկություն էլ ունենա կարգի բերելու կառավարման համակարգը, գոնե հաջորդ տարվա բյուջեում դա չի երեւալու, այսինքն, չինովնիկական ապարատի պահպանման ծախսերն էականորեն կրճատել չի կարողանալու: Էականորեն չի կարողանա կրճատել նաեւ պետական գնումների համար նախատեսվող ծախսերը: Բացի նրանից, որ այստեղ շոշափվում են տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների ու օլիգարխների շահեր, բյուջեից պետական գնումներին ուղղվող հսկայական ծախսերը աշխատեղեր են ապահովում: Դրանց կրճատումը կունենա նույն էֆեկտը, ինչ չինովնիկական ապարատի էական կրճատումը: Պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության վրա կատարվելիք ծախսերը հասկանալի պատճառով կրճատվել չեն կարող: Ու քանի որ ծախսերը մնալու են գրեթե նույն մակարդակում, ուրեմն բյուջեով նախատեսվող եկամուտներն էլ պետք է լինեն նույնը: Ահա այստեղ է, որ առաջանում է հիմնական բարդությունը: Բյուջեի եկամուտների նվազումը պայմանավորված է տնտեսության օրեցօր վատթարացող վիճակով: Բայց կառավարությունն ինչի՞ վրա էր հույսը դրել, որ մտածում էր, թե կարող է 67 մլրդ դրամ ավելի հավաքել, քան բյուջեով նախատեսված է: Այդ մասին փաստաթղթում ոչինչ չկա ասված: Գուցե իսկապես հույս է ունեցել, որ Կարեն Կարապետյանի խոստացած 835 մլն դոլարի ներդրումը կհորդի Հայաստան, ու տնտեսական թռիչքային աճը թռիչքային հարկային եկամուտներ կբերի: Գուցե կառավարությունն ինքն իրեն հավատացել է, որ տնտեսության ստվերային հատվածը կկրճատի ու այնտեղից լրացուցիչ եկամուտներ կհավաքի: Բայց այդ ու այլ հույսերը չարդարացան: Ավելին, կառավարությունը տարվա ընթացքում օպտիմալացումներ ու կրճատումներ է իրականացրել գումար խնայելու համար: Անգամ թաքնված սեկվեստորի մասին տեղեկություններ են շրջանառվում:
Կա նաև խնդրի մյուս կողմը, եթե կառավարությունն ի վիճակի չէ ապահովել բավարար հարկային եկամուտներ, համաձայնեք, որ առնվազն հնարավոր էր եղած ռեսուրսները նպատակային բաշխել: Բերենք մի քանի օրինակ, որոնք թույլ կտան հասկանալ՝ կառավարությունն այդ հարցում թերացել է: Օրինակ՝ Պարզվում է՝ մեր պետությունը ամեն տարի ֆինանսավորում է նավամոդելային սպորտը: Կառավարությունը կարո՞ղ է բացատրել՝ սա ի՞նչ է, գուցե «Ազգ-բանակ» կոնցեպտի շրջանակներո՞ւմ է սա արվում: Մեկ այլ, շատ ավելի խոսուն օրինակ՝ Հ1-ի բյուջեն ավելին է, քան Գյումրի, Վանաձոր քաղաքների բյուջեները մեկտեղված, ինչպես ասում են՝ կարևորը` զվարճանքն ապահովված է: Մեկ այլ օրինակ՝ բյուջեով «Արի տուն» ծրագրի իրականացման համար նախատեսվել է 92.0 միլիոն ՀՀ դրամ: Միայն այդ 92 միլիոնի հարցը չէ: Սա այն դեպքն է, երբ պետք է հարց դնել, թե որքանո՞վ է արդյունավետ Սփյուռքի նախարարության գոյությունն առհասարակ…
Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *