Թուրքիայի մեջլիսը մերժել է օֆշորային սկանդալում վարչապետի որդիների ներգրավվածությունը քննելու առաջարկը

timthumb (1)

Թուրքիայի մեջլիսում մերժվել է Paradise Papers-ի օֆշորային սկանդալում վարչապետ Բինալի Յըլդըրըմի որդիների ներգրավվածությունը հետաքննելու մասին քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջարկը: Այս մասին հայտնում է թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականը:

Ուշագրավ է, որ հետաքննություն սկսելու առաջարկին կողմ են քվեարկել անգամ վերջին շրջանում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) հետ համագործակցող «Ազգայնական շարժում» կուսակցության անդամները, սակայն ԱԶԿ ձայների ճնշող մեծամասնությամբ այն չի ընդունվել:

Ուշագրավ է, որ սա մեջլիս ներկայացված երկրորդ նման առաջարկն է: Առաջինի հեղինակը քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունն էր: Այդ առաջարկը ևս չէր ընդունվել:

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի որդիները՝ Էրքամ և Բյուլենթ Յըլդըրըմները, հայտնվել են Paradise Papers-ի օֆշորային սկանդալում:

Կոնսորցիումի հրապարակած նյութերում նշվում է, որ եղբայրները Մալթայում գրանցված երկու ընկերությունների միակ սեփականատերերն են: Առաջինը՝ Hawke Bay Marine Co. Ltd-ն, ստեղծվել է 2004 թվականի ապրիլին: Ընկերությունն ունի կամ ղեկավարում է բեռնափոխադրող նավերով: Երկրորդ ընկերությունը՝ Black Eagle Marine Co. Ltd-ը, գրանցվել է 2007 թվականին: Գրանցված փաստաթղթերը ցույց են տալիս, որ Էրքամը, ով ընկերությունների բաժնետոմսերի մեծ մասի սեփականատերն է, նաև այդ երկու ընկերությունների տնօրենն է: Երկու ընկերություններն էլ 2017 թվականի հոկտեմբերի դրությամբ Մալթայի ընկերությունների ռեգիստրում գրանցված են որպես ակտիվ գործող ընկերություններ:

Կոնսորցիումից հայտնել են, որ Էրքամ և Բյուլենթ Յըլդըրըմները հրաժարվել են որևէ մեկնաբանություն տալ հրապարակված նյութերի վերաբերյալ:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *