Թուրք զինվորականները եզդիներին ստիպում են դավանափոխ լինել, կամ մահապատժի են ենթարկում

3CF9F0EA00000578-4204664-image-a-1_1486595455500

Վերջին շրջանում թուրքական պետությունը ռազմական ակտիվություն է ցուցաբերում իր հարևան պետությունների տարածքներում: Հունվարից սկսած՝ ռազմական գործողություններ է իրականացնում, մասնավորապես, Սիրիայի Աֆրին տարածքում, որտեղ կան բազմաթիվ եզդիաբնակ գյուղեր: Այսօր արդեն, հայտնի են փաստեր, երբ թուրք զինվորականները եզդիներին ստիպում են դավանափոխ լինել, կամ մահապատժի են ենթարկում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ նախագահ Բորիս Մուրազին՝ խոսելով Իրաքի եզդիների նկատմամբ թուրքական վտանգի մեծացման մասին:

Բանախոսի խոսքով՝ կրկնվում է այն, ինչ տեղի ունեցավ 2014թ. ամռանը՝ Շանգալի եզդիների հետ. «Թուրքիայի կողմից եզդիների նկատմամբ սպառնալիքը չի վերջանում, որովհետև Թուրքիան Էրդողանի մակարդակով հայտարարել է, որ նպատակ ունի նաև ռազմական գործողություններ իրականացնել Իրաքի եզդիաբնակ Շանգալում՝ պատճառաբանելով, որ այնտեղ կան քուրդ զինյալներ: 

Լուրջ վտանգ կարող է ներկայացնել՝ հաշվի առնելով, որ Թուրքիայում նախընտրական տարի է: Ինչպես ցույց է տվել պրակտիկան յուրաքանչյուր ընտրություններից առաջ Թուրքիան ավելի ագրեսիվ է դառնում իր հարևանների նկատմամբ»,- ասաց Մուրազին:

«Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ նախագահ Բորիս Մուրազին, անդրադառնալով ցեղասպանությունից մազապուրծ եզդիների ճակատագրին՝ նշեց.

«Չնայած եզդիաբնակ Շանգալն ազատագրված է, բայց մոտ 300 հազար փախստականներ շարունակում են ապրել վրանային ճամբարներում և դեռ չեն վերադարձել իրենց բնակավայրերը՝ մի քանի պատճառներով: Առաջինը՝ մինչև Քրդստանի անկախության հանրաքվեն տարածաշրջանում կային Իրաքի զինված ուժեր, երկրորդ՝ որ շատ բնակավայրեր ականապատված են և կորուստներ կարող են ունենալ: Մյուս կարևորագույն  խնդիրն այն է, որ մայիս ամսին Իրաքում պառլամենտական ընտրություններ են և քրդական ինքնավարությունը նպատակ ունի նաև եզդիների ձայները ստանալ»,- ասաց Մուրազին՝ ընդգծելով, որ փաստորեն, փախստական եզդիները կկարողանան վերադառնալ իրենց բնակավայրեր միայն պառլամենտական ընտրություններից հետո, երբ քվեարկությունը տեղի ունեցած կլինի:

Սոնա Հարությունյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *