Թվերն ասում են հակառակը…

timthumb (2)

Նիկոլ Փաշինյանի կառավարության անդամները, անձամբ ինքը՝ վարչապետը՝ թավշյա հեղափոխության հաղթանակից հետո հաճախ են շեշտում այն, որ Հայաստան բավական լայն թափով ներգաղթ է տեղի ունենում, անգամ հայտարարվեց սիրիահայերի զանգվածային նեգաղթի մասին, ինչը շատ արագ հերքվեց: Եթե անգամ կա որոշակի դրական տենդենց, ապա պետք է նշել, որ այն սկսվել էր դեռ նախորդ իշխանությունների օրոք, և ճիշտ չէ այն կապել քաղաքական իրողությունների հետ։ Որքան էլ ներգաղթի մասին տեղեկությունները հաճելի են, պաշտոնական տվյալները ցույց են տալիս, որ այս տարվա առաջին կիսամյակում ներգաղթ չկա։ Այս տարվա հունվար-հունիսին Հայաստանից մեկնած ՀՀ քաղաքացիների թիվը 50.8 հազարով ավելի շատ է եղել, քան ՀՀ մուտք գործածներինը (մուտքեր՝ 788 249, ելքեր՝ 839 045)։
Սա, իհարկե, խոսում է այն մասին, որ միգրացիոն տենդենցները շարունակվում են և մարդիկ անկախ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից չեն շտապում վերադառնալ և բնակություն հաստատել հայրենիքում: Այստեղ, իհարկե, մի շարք գործոններ կան՝ նախ, մեր հայրենակիցները, ինչպես և Հայաստանում բնակվողները, ամբողջությամբ չեն կարող տալ, «իսկ ի՞նչ է լինելու հետո» հարցի պատասխանը: Առկա է որոշակի անվստահություն վաղվա օրվա հանդեպ, և դա արտահայտվում է ոչ միայն հեղհեղուկ քաղաքական կյանքում, այլ նաև տնտեսության մեջ, որը ևս որոշակի խնդիրների առջև է կանգնել. մասնավորապես, խոսքը ներդրումների բացակայության մասին է: Թավշյա հեղափոխությունից հետո տպավորություն էր, որ մարդկանց ներհոսքի հետ մեկտեղ՝ կլինի նաև կապիտալի ներհոսք, սակայն այդ կանխատեսումը ևս իրականություն չդարձավ:
Այսօր Հայաստանի նոր իշխանությունները անում են հնարավորն ու անհնարինը՝ Հայաստան գումար բերելու համար, սակայն թե՛ ներքաղաքական, թե՛ աշխարհաքաղաքական ասպեկտները բարենպաստ չեն Հայաստանում ներդրումային բում կազմակերպելու համար: Հասկանալի է, որ ժամանակին նմանատիպ հայտարարություններ էին արվում՝ ելնելով հեղափոխական էյֆորիայից, սակայն այսօր պաշտոնական վիճակագրությունը շատ դեպքերում անհարմար վիճակի մեջ է դնում այս կամ այն հայտարարությունն արած պաշտոնյաներին: Եվ նոր կառավարությունը պետք է իր համար որոշի՝ արդյո՞ք դուրս է գալիս պոպուլիզմի ճիրաններից և անցնում գործի, թե՞ շարունակելու է նման թվային անհերքելի հերքումներ ստանալ: Մենք խոսում ենք նաև հայրենադարձության մասին, բայց մենք գիտե՞նք, թե որտեղից դա պետք է տեղի ունենա, որ երկրներից։ Կոնկրետ ո՞ր երկրներում մենք ունենք այդ մարդիկ, որոնք պետք է գան Հայաստան։ Պետք է լուրջ ուսումնասիրություն անցկացնել ու հասկանալ, թե որ պարագայում մարդիկ կգան Հայաստան։
Ս.Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *